Արթուր Եղիազարյան («Սևան» ազգային պարկի մաքրման խմբի ղեկավար) - Հիմա նայեք. ինքներդ էլ տեսնում եք՝ արդեն ջուրը դուրս ա տվել:
Սևան ազգային պարկի Մարտունի-Վարդենիս տարածքի որոշ հատվածներում հողի մակերևույթից ընդամենը 20 սանտիմետր խորքում արդեն Սևանի ջրերն են: Եթե տարածքը հիմա չմաքրեն, գարնանը ճաhիճ կգոյանա՝ ասում է «Սևան» ազգային պարկի մաքրման պատասխանատուն: Ճահճացման հիմնական պատճառը ծառերի արմատային համակարգն է, որը մնալով ջրի տակ՝ հետագայում վնասում է լճին՝ ըստ որոշ մասնագետների՝ նպաստելով կապտականաչավուն ջրիմուռների զարգացմանը: Հիմա կոճղերն արմատներով են հեռացնում տարածքից: Բացի դրանից՝ որքան էլ հորդորում են, միևնույն է՝ հարակից համայնքների բնակիչները շարունակում են Սևան լցվող գետեր կենցաղային աղբ թափել:
Արթուր Եղիազարյան - Կարելի է ասել՝ էսքան հեկտարի միջից մի երեք տոննա էլ պլաստմասսա ենք մաքրել:
2022-ի ավարտին նախատեսել են մաքրել 53 հեկտար տարածք: «Սևան» ազգային պարկն աշխատանքներն արդեն իրականացնում է սեփական տեխնիկայով ու իր աշխատակիցներով՝ առանց կապալառու ընկերության դիմելու, ինչը հնարավորություն է տալիս մաքրման գործընթացը տնտեսապես ու որակապես ավելի արդյունավետ դարձնել: Գոյացած ամբողջ փայտն էլ շուկայականից էժան գնով վաճառում են որպես վառելափայտ:
Կարեն Մնացականյան («Սևան» ազգային պարկի տնօրեն) - Այս տարի մաքրել ենք շուրջ 45 հեկտարից ավելի, մնացել է այս տարվա պլանով մոտ 7-8 հեկտար: Հուսով եմ՝ մինչև տարվա վերջ դա էլ կավարտենք:
Մաքրվում են 1901.5 նիշից ցածր տարածքները: Կարճաղբյուր-Ծովակ ճանապարհահատվածում հատկապես քամոտ օրերին լճի ալիքները հասնում են ասֆալտին: 2023-ին ճանապարհը հիմնանորոգվելու է՝ 3.7 կիլոմետր հատվածը կբարձրացվի: