ՌԴ ԱՌԱՋԱՐԿԸ ԼՂ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է. ԲԱՅՐԱՄՈՎ
Ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել ապագային, սակայն դա Ադրբեջանի համար անընդունելի է, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ: Դիվանագետը նշել է, որ սահմանազատման համատեքստում Հայաստանը պետք է ազատի, նրա ձևակերպմամբ, «ադրբեջանական 8 գյուղերը, որոնք Հայաստանի վերահսկողության տակ են»:
Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը շեշտել է, թե «ռուսական խաղաղապահ զորակազմի ամենօրյա գործունեության մասին ոչ մի փաստաթուղթ չկա, նման փաստաթղթի շուրջ այժմ էլ աշխատանք չի տարվում»:
Բայրամովը խոսել է նաև տարածաշրջանային «3+3» ձևաչափի մասնին, կարծիք հայտնել, որ այն օգտակար է: Նրա խոսքով՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունը հարևան երկրների հետ բարեկամական, փոխշահավետ գործակցության զարգացումն է:
Ըստ Բայրամովի` «վերջին շրջանում ադրբեջանա-իրանական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում»։ Դիվանագետի հավաստմամբ` Ադրբեջանի դիրքորոշումն է, որ հարաբերությունները պետք է զարգանան փոխադարձ հարգանքի, միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա:
2023-ԻՆ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԻՐԱՆ-ԵԱՏՄ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Իրանի իշխանությունները 2023 թ. հունվարի 18-ին Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն, հայտարարել է Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օմիդ Ղալիբաֆը:
Պաշտոնյան հիշեցրել է, որ այժմ Միության հետ առևտուրը Թեհրանն իրականացնում է արտոնյալ առևտրի մասին համաձայնագրով։ Բացի այդ, ԵԱՏՄ-ն մաքսային արտոնություններ է տրամադրել իրանական 500 անուն ապրանքների համար:
Նախատեսվող համաձայնագիրը պետք է վավերացվի ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև Իրանի խորհրդարանների կողմից:
ՌԴ-Ն ԿԱՎԵԼԱՑՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՎԱԼԸ. ՆՈՎԱԿ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Ռուսաստանը կավելացնի Ադրբեջան գազի մատակարարման ծավալը՝ հանրապետության ներքին սպառումն ապահովելու համար: Նրա խոսքով՝ առաջիկայում, երբ Ադրբեջանն ավելացնի գազի արդյունահանումը, կարող է քննարկվել նաև սվոպ մատակարարումների հնարավորությունը։
Ալեքսանդր Նովակը նշել է, որ Մոսկվան քննարկում է նաև Ղազախստանին և Ուզբեկստանին գազի մատակարարման ավելացումը՝ այդ երկրներում գազի սպառման աճի ֆոնին։
«Ռուսաստանի խողովակաշարային գազի հիմնական սպառողը Չինաստանն է: Այդ երկիր մատակարարումները կարող են հասնել տարեկան 100 միլիարդ խորանարդ մետրի: Հնարավոր է՝ գազի արտահանման ծավալներն ավելացվեն նաև Թուրքիայի տարածքով»,- ասել է փոխվարչապետը:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆՈՐ ՊԱՇԱՐՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Սև ծովի թուրքական հատվածում ավելի քան 3 հազար մետր խորության վրա 58 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ են հայտնաբերվել։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի բնական գազի պաշարները Սև ծովում կազմում են 710 միլիարդ խորանարդ մետր՝ մեկ տրիլիոն դոլար շուկայական արժեքով։ Նրա խոսքով՝ հետախուզական աշխատանքները շարունակվելու են։
Էրդողանը հավելել է՝ երկրի վերջնանպատակը էներգետիկ անկախությունն է։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄՈՏ 9 ՄԼՆ ՄԱՐԴ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՉՈՒՆԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացին: Նրա խոսքով՝ ամենաբարդ իրավիճակը Խերսոնում և Դոնբասում է:
Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական բանակն իր ուժերը կենտրոնացրել է Բախմուտի ուղղությամբ, սակայն քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերը ձախողվում են:
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ երկրում մոտ 9 միլիոն մարդ չունի էլեկտրաէներգիա, սակայն էներգահամակարգն աստիճանաբար վերականգնվում է:
Ukrenergo ազգային էներգետիկ ընկերությունից էլ տեղեկացրել են, որ չնայած էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներն աստիճանաբար վերացվում են,
առկա հզորությունը բավարար չէ երկրի բոլոր բնակիչների կարիքները հոգալու համար։
Ուկրաինայի իշխանությունների տվյալով՝ ռուսական հարվածների պատճառով երկրի էներգետիկ ենթակառուցվածքների 50%-ը շարքից դուրս է եկել:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՄՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 10 ՆԱՀԱՆԳՈՒՄ
ԱՄՆ-ի ավելի քան 10 նահանգում եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Երկիրը բախվել է ձյան առատ տեղումների,
ձմեռային փոթորիկների: Գրանցվում են էլեկտրամատակարարման ընդհատումներ, օդանավակայանների աշխատանքը կաթվածահար է: Բնակչության մոտ երկու երրորդը պայքարում է սաստիկ սառնամանիքի դեմ՝ հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
ԱՄՆ-ում և Կանադայում 60-ից ավելի մարդ է զոհվել՝ հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով։ Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Նյու Յորք նահանգում, մասնավորապես, Բուֆալո քաղաքում, որտեղ, ԶԼՄ-ների տվյալով, ամենաբարդ իրավիճակն է ստեղծվել։ Reuters-ը հաղորդում է, որ քաղաքը ծածկվել է շուրջ 1,5 մետր բարձրության ձյան շերտով, խանութների մեծ մասը չի գործում:
Մասնագետները զգուշացնում են՝ առատ տեղումների պատճառով մեծանում է նաև ջրհեղեղների վտանգը։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՆՉՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ
Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Լրատվամիջոցների տվյալով՝ թուրքական կողմն անհանգստացած է, որ Փարիզում աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։
Ավելի վաղ Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում հրաձգություն էր տեղի ունեցել, հայտարարվել է 3 զոհի մասին: Փարիզի դատախազի ձևակերպմամբ՝ հարձակման պատճառ կարող է լինել ռասայական ատելությունը: Քրդական համայնքի ներկայացուցիչները զանգվածային ցույցեր են սկսել: Լրատվամիջոցները հայտնում են, որ շատերը հրաձգությունը կազմակերպելու համար մեղադրում են Թուրքիային:
ԿՈՍՈՎՈՅԻ ԶՈՒ-Ն ԲԵՐՎԵԼ Է ԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Կոսովոյի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստականության և պատրաստվում են Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում բարիկադների վերացման գործողություն իրականացնել, հայտնում են լրատվամիջոցները:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ խոստացել է պաշտպանել Կոսովոյում և Մետոխիայում բնակվող սերբերին, ուստի կարգադրել է երկրի զինված ուժերը նույնպես բերել բարձր պատրաստականության՝ ապահովելու Սերբիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Երեկ «Քվինտա» երկրների դեսպանները Վուչիչից պահանջել են 24 ժամվա ընթացքում ապամոնտաժել Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում տեղադրված բարիկադները, որոնք Կոսովոյի հյուսիսի սերբերը սկսել են կառուցել, երբ Կոսովոյի ոստիկանությունը Կենտրոնական Սերբիայի հետ սահմանին տեղակայված անցակետում ձերբակալել է նախկին սերբ ոստիկանի, որը հրաժարական էր տվել՝ այդպիսով իր բողոքը հայտնելով սերբական պետհամարանիշները փոխելու՝ Կոսովոյի որոշման դեմ: Այս իրադարձությունների ֆոնին Կոսովոյի հյուսիսում շարունակվում են սերբ բնակիչների բողոքի ակցիաները: