Չնայած աշխարհաքաղաքական վայրիվերումներին և անորոշություններին՝ Հայաստանի պարտատոմսերի շուկան այս տարի ակտիվ է եղել: Եթե թողարկված պետական պարտատոմսերի ծավալը նախորդ տարեվերջին կազմում էր 1 տրլն 208 մլրդ 886 մլն դրամ, ապա այս տարվա դեկտեմբերի 9-ի տվյալով հասել է է 1 տրլն 451 մլրդ 234 մլն դրամի: Պետական պարտատոմսերը թողարկվում են բյուջեի դեֆիցիտը ներքին ռեսուրսների հաշվին փակելու և արտարժութային ռիսկերը նվազեցնելու համար: Հայաստանն այս տարի 250 մլրդ դրամի չափով պետք է ներքին աղբյուրների հաշվին բյուջեի դեֆիցիտը լրացներ՝ նշում է ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետը:
Արշալույս Մարգարյան (ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության պետ) - Մենք և՛ կատարում ենք տարեկան ծրագիրը, այսինքն՝ 250 մլրդ զուտ ֆինանսավորումը դեֆիցիտի ներքին աղբյուրների հաշվին, և՛ տոկոսադրույքը՝ մեր պարտքի ընդհանուր տոկոսադրույքը, տարեսկզբի 10,1-ից այսօր 10,5 է, այսինքն՝ մոտ 0,4 տոկոսով է բարձրացել մեր ընդհանուր պարտքի միջին տոկոսադրույքը:
Ռեզիդենտների կշիռը պետական պարտատոմսերում 96,82 տոկոս է, ոչ ռեզիդենտներինը՝ 3,18:
Արշալույս Մարգարյան - Եթե սկզբում միայն բանկեր էին, հետո ավելացան ներդրումային ընկերություններ, հետո՝ ֆիզիկական անձինք, ապահովագրական ընկերություններ, կենսաթոշակային կառավարիչներ: Էդ ամենի ավելացումը բավականին ջանք է պահանջում բոլորից, շուկայի բոլոր մասնակիցներից:
Ակտիվություն կա նաև կորպորատիվ պարտատոմսերի շուկայում: Այս դեպքում թողարկումներ իրականացնում են հիմնականում բանկերը և մի քանի խոշոր կազմակերպություններ: 2021-ին դրամային առումով առևտուրը 416 մլն-ի էր հասնում, իսկ այս տարի՝ ավելի քան 12 մլրդ-ի: Դոլարային առևտուրը 1,3 մլն-ից դարձել է ավելի քան 54 մլն:
Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Մի քանի ոչ ֆինանսական կազմակերպություններ ավելացան շուկայում, և դրան զուգահեռ տասնյակ անգամներ ավելացել են նաև ծավալները, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ տասնյակ անգամներով են ծավալները փոփոխվել, ինչը վկայում է, մի կողմից, ներդրողների հետաքրքրության մասին, մյուս կողմից էլ, բնականաբար, եղած տոկոսադրույքները բերում են շուկայում առաջարկի, պահանջարկի անընդհատ փոփոխություն և գործարքների մեծ ծավալի, և էս առումով կարելի է ասել, որ շուկայի ակտիվությունը նաև հուսադրում է, որ էդ միտումը՝ թողարկողների ավելանալու, կարող է որոշակիորեն նույն տեմպով շարունակվել:
Կորպորատիվ պարտատոմսերի խոշոր գնորդները ևս հիմնականում ֆինանսական կազմակերպություններն են՝ նշում է Էդգար Աղաբեկյանը, սակայն ակտիվացել են նաև ֆիզիկական անձինք:
Էդգար Աղաբեկյան - Որովհետև իրենք արդեն դիտարկում են՝ տվյալ բանկո՞ւմ ավանդ դնեն, թե՞, օրինակ, պարտատոմս առնեն էդ ֆինանսական կազմակերպության և ոչ ֆինանսական կազմակերպության: Շուկան կայացման փուլում է: Եթե նախկինում ծավալներն աննշան էին, հիմա որոշակիորեն գնագոյացում կա, նույնիսկ եղած պահանջարկի պայմաններում, շատ դեպքերում, որոշակի արժույթներով արժեթղթերի դեպքում, առաջարկը չի կարողանում բավարարել:
Գալիք տարի ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել մոտ 500 մլրդ դրամի պետական պարտատոմս, որից 295 միլիարդը բյուջեի դեֆիցիտը փակելու, մնացածը՝ նախկին թողարկումների վճարումները կատարելու համար:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան