Դեկտեմբերի 25-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել:
Գյումրիի Ալեք Մանուկյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պարեկները կանգնեցրել էին Արթիկի 46-ամյա մի բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի տեղում, պարեկները նկատել էին թմրանյութի նմանվող զանգված:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդի՝ նախկինում դատված 29-ամյա եղբայրը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է, թմրամիջոց է, իսկ կանեփը հավաքել էր վայրաճ թփերից: Հետագա պարզաբանումների համար 29-ամյա տղամարդը հրավիրվել է Կումայրիի բաժին, որտեղ իրավապահներին ներկայացրել է կաթուցիչ՝ պատերին թմրանյութի նմանվող հետքերով:
Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Շիրակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու ևս մեկ դեպք: Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում, դարձյալ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, նրանք կանգնեցրել էին քաղաքի 41-ամյա մի տղամարդու վարած «Օպելը»: Հիմնավոր կասկածանքով պարեկները վարորդին ձերբակալել են ու տարել Կումայրիի բաժին: Պարզվել է, որ նա իրավաբանական անձանց օգտին քաղաքացիներից միջոցներ բռնագանձելու գործերով որպես պարտապան հետախուզվում էր Ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացված հետքերով բժշկական կաթուցիչ: Տղամարդու հայտնածով՝ թմրամիջոցի հետքեր են, որի հումքը քաղել էր վայրաճ կանեփի թփերից:
Երկու դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: