Հայաստանում գրանցվել է 33 հազար 242 հանցագործություն միայն այս տարվա 11 ամիսների ընթացքում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվն աճել է 22,9 տոկոսով: Աճ է արձանագրվել առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում՝ 19,5 տոկոս, իսկ 3,4 տոկոսը ոչ մեծ, ծանր և միջին ծանրության հանցագործությունների աճն է: Այս 11 ամսվա ընթացքում սպանության 602 դեպք է տեղի ունեցել՝ նախորդ տարվա 54-ի փոխարեն: Սպանությունների վիճակագրության նման կտրուկ աճն իրականում օրենսդրական փոփոխությունների հետևանք է, ըստ որի՝ հանկարծամահության դեպքում վարույթ է նախաձեռնվում սպանության հոդվածով:
Արամ Հովհաննիսյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Արձանագրված 602 դեպքից 550-ը հանկարծամահության դեպքեր են: Եթե նախկինում հանկարծամահության դեպքով զբաղվում էին ոստիկանության հետաքննության մարմինները, նյութեր էին նախապատրաստում, և համապատասխան ստուգումներ կատարելուց հետո նյութերով քրեական գործի հարուցումը մերժվում էր, ներկայումս, կապված փոփոխությունների հետ, քննչական մարմիններում նախաձեռնվում է քրեական վարույթ:
Այս 11 ամսվա ընթացքում աճել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը. նախորդ տարվա 801-ի փոխարեն այժմ 1442 դեպք է արձանագրվել, իրացման՝ 821: Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 47-ով, եթե նախորդ տարի 221 դեպք էր գրանցվել, ապա 11 ամիսներին՝ 174: Նվազել են նաև բնակարանային գողության դեպքերը. նախորդ տարվա 1052-ի համեմատ այժմ 967 դեպք է գրանցվել:
Աճել է նաև հրազենի ապօրինի շրջանառությունը՝ 1149 դեպք է արձանագրվել, նախորդ տարվա համեմատ 261-ով ավելի: Փոխոստիկանապետի խոսքով՝ սա է պատճառը, որ հրազենի միջոցով կատարվող հանցագործությունները ավելանում են:
Արամ Հովհաննիսյան - 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետություն մեծ քանակությամբ զենք է ձեռք բերվել համապատասխան անձանց կողմից, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո առ այսօր առգրավվել է 2177 միավոր զենք:
Արցախից Հայաստան ապօրինի բերված 2177 զենք-զինամթերքից 615-ը ինքնաձիգ է, 787-ը՝ ատրճանակ, 683-ը՝ հրացան, 44-ը՝ գնդացիր, 3-ը՝ ականանետ, 45-ը՝ նռնականետ: Հովհաննիսյանը համոզված է, որ քաղաքացիների մոտ դեռևս կան ապօրինի զենքեր, որոնց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան