Համաշխարհային խոշոր հետազոտական ընկերությունները, ֆինանսական պարբերականները և բանկերը աշխարհի տնտեսության համար 2023 թվականին բացասական կանխատեսումներ ունեն:
Օրինակ՝ Արժույթի և ֆինանսական հաստատությունների պաշտոնական ֆորումի կանխատեսմամբ՝ գալիք տարի համաշխարհային տնտեսության աճը ցածր կլինի, գուցե նույնիսկ ռեցեսիոն, իսկ միջին գնաճն ու գործազրկությունը՝ բարձր:
Հոլանդական ԱՅԷՆՋԻ բանկային խմբի վերլուծաբաններն էլ ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և եվրոգոտու մնացած երկրներում ՀՆԱ-ի անկում են սպասում:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Նախկինում անընդհատ ներկայացվում էր, որ հետքովիդյան տնտեսությունը պետք է ունենա զարգացում, զարգացման նոր միտումներ, բայց 2022 թվականի մասով մենք նկատում ենք, որ այդ կանխատեսումներն այնքան էլ չարդարացան և, ըստ էության, նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության պատճառով, էներգակիրների բարձր գների պատճառով, 2022 թվականին համաշխարհային տնտեսությունն արձանագրեց որոշակի անկում՝ կանխատեսումներից ավելի ցածր:
Ի տարբերություն արևմտյան երկրների՝ աշխարհի երկրորդ տնտեսության՝ Չինաստանի համար սպասումները դրական են: Տարբեր վերլուծական կենտրոններ 5 և ավելի տոկոս տնտեսական աճ են սպասում:
Սոս Խաչիկյան - Օրինակ՝ ԱՄՆ-ԵՄ ավելի շատ են միմյանց հետ փոխներգործում, և այստեղ ինչպես սպառման, այնպես էլ առաջարկի գործոնները զարգացման շատ ավելի բարձր մակարդակի վրա են, իսկ նոր զարգացող շուկաներում, որտեղ շեշտադրում են կատարել Չինաստանը և Ճապոնիան, հնարավորությունները կարծես թե ավելի շատ են, և տնտեսական ակտիվության ավելի մեծ աճ է գրանցվում՝ պայմանավորված նաև նորարարությունների պահանջով, որոնք զգում են զարգացող շուկաները:
2022-ին, աշխարհի միտումներին զուգահեռ, Հայաստանը բարձր տնտեսական ցուցանիշներ է արձանագրում, գալիք տարի թիրախավորվել է 7 տոկոս տնտեսական աճ:
Սոս Խաչիկյան - Եթե հաշվի առնենք 2022 թվականին ունեցած մեր ցուցանիշները, ապա պետք է հիմք ունենալ, որ այդ ցուցանիշների ավելի առաջանցիկ տեմպերը մենք կունենանք 23 թվականին՝ պայմանավորված արդեն որոշակի քաղաքականության ստեղծման հիմքերով:
Կանխատեսումները, ըստ մասնագետների, արվել են ներկայիս իրավիճակից ելնելով, և, օրինակ, Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունների ավարտը կարող է կտրուկ փոխել նաև սպասումները թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան