ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՎԱԶԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏԵՎԻՑ. ԼԱՎՐՈՎ
Արևմտյան երկրները շուտով կկորցնեն համաշխարհային տնտեսությունը ղեկավարելու իրենց կարողությունը՝ ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան չի պատրաստվում վազել Արևմուտքի հետևից, քանի որ գրեթե բոլոր կապերը խզված են:
«Ռուսաստանը գիտի, թե ում հետ կարող է զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտում»,- նշել է Ռուսատանի գլխավոր դիվանագետը՝ մանրամասնելով, որ այսուհետև կենտրոնանալու են նրանց վրա, որոնք իրենց երբեք չեն հիասթափեցրել:
ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԿԼԻՆԻ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովում ստեղծել է իր առաջին տեղակալի նոր պաշտոնը։ Այն կզբաղեցնի ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Փաստաթղթի համաձայն՝ հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը կարող է ստեղծել ռազմարդյունաբերական հանձնաժողովի գործունեության խորհուրդներ և աշխատանքային խմբեր:
2023-Ը ՎՃՌՈՐՈՇ ՏԱՐԻ Է ԼԻՆԵԼՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ. ԵՐՄԱԿ
Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը չի բացառել, որ ԱՄՆ-ը կդադարեցնի աջակցությունն Ուկրաինային, բայց դա, նրա կարծիքով, հնարավոր է 2023 թվականից հետո։ Այդ դեպքում Ուկրաինան կշարունակի ինքնուրույն պայքարել:
«Նախ՝ մենք ունենք եվրոպական աջակցություն, ունենք նաև ոչ եվրոպական աջակցություն։ Մենք ամենամեծ երկիրն ենք, լավ թե վատ, մեր ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է»,- ասել է Արեստովիչն ու նշել, որ Ուկրաինան կարող է օգնության համար դիմել Չինաստանին, որը, նրա խոսքով, «խոստացել է երբեք չխաբել»։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակն էլ հայտարարել է Ղրիմը 2023 թվականին վերադարձնելու Կիևի պլանների մասին։ Երմակը կանխատեսել է, որ 2023 թվականը վճռորոշ տարի է լինելու Ուկրաինայի համար։
«Մենք ամեն ինչ անելու ենք մեր տարածքները վերադարձնելու համար»,- ասել է նա։
ԿՈՍՈՎՈՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է ՄՆՈՒՄ
«Քվինտա» երկրների դեսպանները Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից պահանջել են 24 ժամվա ընթացքում ապամոնտաժել Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում տեղադրված բարիկադները: Դեսպանները նման պահանջով նամակ են հղել Սերբիայի ղեկավարին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում չեն միջամտի չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի՝ իրավիճակն ինքնուրույն կարգավորելու փորձերին: Վերջինս տարածաշրջանի հյուսիսում բարիկադների վերացման ժամանակ «չի բացառել զոհերը»:
Կոսովոյի հյուսիսի սերբերը սկսել են բարիկադներ կառուցել նախկին ոստիկան Դեյան Պանտիչի ձերբակալությունից հետո, որից հետո Պրիշտինայից ոստիկանության հատուկջոկատայիններ են տեղափոխվել շրջանի հյուսիս։
Իրավիճակը Կոսովոյում և Մետոխիայում կտրուկ սրվել է դեկտեմբերի 6-ին, երբ հատուկջոկատայինները, Կոսովոյում Եվրամիության առաքելության պարեկների ուղեկցությամբ, սկսել են գրավել տարածաշրջանի՝ հիմնականում սերբերով բնակեցված հատվածի ընտրական հանձնաժողովների շենքերը:
ԻՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՅՈԹ ՔԱՂԱՔԱՑԻ
Թեհրանում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանում ծավալված անկարգությունների ընթացքում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ձերբակալությունները վկայում են այն ապակառուցողական դերակատարության մասին, որ ստանձնել է Լոնդոնը: Երեկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկացրել էր, որ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել են Մեծ Բրիտանիայի յոթ քաղաքացի, որոնցից մի քանիսը ունեն նաև Իրանի քաղաքացիություն։
Մեկնաբանելով Զելենսկու հնչեցրած մեղադրանքները` Քանանին շեշտել է, որ ուրիշներին, մասնավորապես՝ Իրանին մեղադրելը չի օգնի Ուկրաինայի ժողովրդին և իշխանություններին:
«Մենք անպատասխանատու ենք համարում ցանկացած կողմի սպառնալից խոսքը, և Ուկրաինայի կառավարությունը պատասխանատվություն է կրում այդ սպառնալից հայտարարությունների քաղաքական և իրավական հետևանքների համար»,- ավելացրել է Քանանին։