Մի խումբ արցախցիներ քայլերթով հասել են Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները: Պահանջում են հանդիպում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ:
Տիգրան Պետրոսյան (ակտիվիստ) - Մտադիր ենք այնքան սպասել, մինչև Վոլկովը մեզ ընդունի, դա՝ մեկ: Մենք փոխանցելու ենք այդ պահանջները, այն հարցերի պատասխանը` սա «Կոլցո 2» է, թե՞ չէ, մենք պահանջում ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի կատարումը, քանի որ մենք նրանց հավատացել ենք, դուք տեսել եք դա: Թող Պուտինն իր խոսքին տեր կանգնի, դա ենք պահանջելու ու սպասելու ենք, մինչև ճանապարհը բացվի: Պետք լինի, նրանց ճանապարհն ենք փակելու, որովհետև գնալով, տեսնում եք, որ ամեն ինչ վերջանում է, երեխաների մոտ սնունդը ռացիոնալ չէ, որը հղի է լուրջ հետևանքներով, սա ինչի՞ նման է:
Նախաձեռնության մասնակիցները շեշտում են՝ դեկտեմբերի 12-ից չի գործում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ադրբեջանցի կեղծ բնապահպանների պատճառով խաթարված է Հայաստան-Արցախ անխափան կապը:
Դավիթ Խաչատուրյան (ակտիվիստ) - Արդեն երրորդ անգամ ռուսական զորախմբին ներակայացվում են պահանջները ժողովրդի, այսօր՝ համաձայն մեր ներկայացածի, եկել ենք ռուսական զորախմբի ղեկավարին` գեներալ Վոլկովին հանդիպելու ու ստանալու մեր պատասխանները: Ինչո՞ւ է առայսօր փակ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը պիտի բացվեր, ըստ իրենց խոստումների, հանդիպումներից հետո:
Արցախում հումանիտար աղետ է՝ խանութներն օրեցօր դատարկվում են, առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելը խնդիր է, միրգն ու բանջարեղենը գտնելը՝ անհնար: Արցախցիները մտահոգ են, որ հումանիտար աղետին կարող է հաջորդել էթնիկ զտումը:
Ադելա Աղաջանյան (նախաձեռնության մասնակից) - Երեկ մենք ականատես եղանք, թե ինչպես է Վոլկովի տեղակալը Հայաստանից ժամանած մեր հայրենակիցներին ասում, որ եթե մենք ձեզ բաց թողնենք, և միջանցքում իրավիճակը անկառավարելի դառնա, չենք կարող ձեր անվտանգությունն ապահովել: Հիմա ես ավելի շատ անհանգստացած եմ այդ անվտանգության հարցով. վաղը կարող է ուրիշ բան լինել, վիճակն իրոք դուրս գա, և իրենք ի վիճակի չլինեն ինչ-որ բան ձեռնարկելու:
Օդանավակայանի դիմաց մոտ մեկ ժամ սպասելուց հետո նախաձեռնող խմբի մի քանի անդամի հրավիրեցին խաղաղապահների տեղակայման վայր: Տիգրան Պետրոսյանի ներկայացմամբ՝ խոսել են այն նույն գնդապետի հետ, որը նախորդ ակցիայի ժամանակ խոստացել էր դեկտեմբերի 26-ին հարցը լուծել: Ռուս խաղաղապահներն ասել են, թե չգիտեն` որտեղ է իրենց հրամանատար Անդրեյ Վոլկովը:
Տիգրան Պետրոսյան - Սա ոչ թե միայն Պուտինին ու Ռուսաստանին է վերաբերում, սա Բայդենին էլ է վերաբերում, Մակրոնին էլ, բոլոր քաղաքակիրթ երկրներին, որտեղ մտածում են, որ իրենք լուրջ դեմոկրատական երկիր են, նման բլոկադան, սա էթնիկ զտում է, նորից եմ ասում, բոլորը գիտակցում են դա, բոլոր ղեկավարները:
Ակտիվիստները հայտարարեցին՝ կանայք ու երեխաները կգնան Ստեփանակերտ, իսկ իրենք օդանավակայանի մոտ կմնան այնքան ժամանակ, մինչև հանդիպեն գեներալ Վոլկովին: