ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով «Հանրակրթական դպրոցների վերազինում» ծրագրում ընդգրկվել են ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հիմնական ու միջնակարգ դպրոցները:
Ընտրված դպրոցները ծրագրի իրականացման արդյունքում հագեցած կլինեն հանրակրթության չափորոշչի պահանջներին և առարկայական վերանայված ծրագրերին համապատասխան ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատոր սարքավորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով:
Առաջին փուլի համար նախապատվությունը տրվել է Արմավիրի մարզին: Կրթական ծրագրերի կենտրոն (ԿԾԿ) ԾԻԳ-ի կողմից մարզի 114 միջնակարգ և հիմնական դպրոցներում իրականացվել է կարիքների գնահատում: Տեղի է ունեցել նաև խորհրդակցություն Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են լաբորատորիաների ստեղծման ժամանակ հնարավոր տեխնիկական խնդիրները, դրանց լուծման ուղիները: ԾԻԳ-ի աշխատակիցները մարզպետարանի ներկայացուցչի հետ քննարկել են նախատեսվող աշխատանքները, ծրագրի իրականացման ընթացքը, հստակեցրել ուսումնական հաստատությունների ցանկերը:
Կարիքների գնահատման վերլուծության և Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների հետ խորհրդակցության արդյունքում ծրագրի առաջին փուլում 2023 թվականի ընթացքում կներգրավվեն մարզի 100 հանրակրթական դպրոցներ՝ 17 հիմնական և 83 միջնակարգ:
ՀՀ հանրակրթական դպրոցների համար բնագիտական (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն) և ինժեներական (ինֆորմատիկա) լաբորատոր սարքավորումների և նյութերի ձեռքբերման համար մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով հայտարարվել է մրցույթ, ընտրվել են անհատ խորհրդատուներ: Ծրագրի շրջանակում ընտրված խորհրդատուները, համաձայն առարկայական չափորոշիչների, վերանայել և կազմել են ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության լաբորատորիաների հիմնման համար անհրաժեշտ սարքավորումների, նյութերի ցանկերը և տեխնիկական բնութագրերը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի ներկայացրած առաջարկությունների և դիտողությունների հիման վրա տեխնիկական հատկորոշիչների փոփոխություն է կատարվել:
Ստեղծվող լաբորատորիաները համայնքների դպրոցներում կապահովեն արդիական ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական հմտություններով, գիտափորձեր կատարել համապատասխան նյութերով և սարքավորումներով: