Շինարարական աղբ ու փոշու մեջ Արմավիրի 3-րդ մանկապարտեզում տոնածառ են զարդարել ոչ թե փոքրիկների, այլ շինարարների տրամադրությունը բարձրացնելու համար: Երեխաների փոխարեն հիմա նրանք են ելումուտ անում. դռներն ու պատուհաններն են փոխում, ջեռուցման համակարգ անցկացնում, որ հունվարին երեխաների համար դռները բացի տաք ու հարմարավետ նախակրթարանը: Աշխատանքների որակը մշտադիտարկվում է:
Վարդան Հավաթյան (շինարարական ընկերության աշխատակազմի ղեկավար) - Վերահսկողությունից ստուգել են, շահագործման ենթակա է:
Գրեթե ավարտված են 7-րդ մանկապարտեզի նորոգման աշխատանքերը: Այստեղ էլ են նոր դռներ ու լուսամուտներ տեղադրել, ջեռուցման համակարգ անցկացրել: 90 երեխայի համար նախատեսված մանկապարտեզում հերթերը չեն վերջանում: Նորոգվող պարտեզները կաշխատեն նաև ձմռանը: Լուրն ուրախացրել է ծնողներին: 11 բնակավայր ունեցող Արմավիրի մանկապարտեզներում 2022 թվականին շինարարական բազմաբնույթ աշխատանքներ են կատարվել: Լուկաշին և Մյասնիկյան բնակավայրերի պարտեզներում աշխատանքները դեռ շարունակվում են:
Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Ունենք 3 մանկապարտեզ, որտեղ 2022-ի ծրագրով աշխատանքը մեկնարկել է, բայց նախատեսված է ավարտել 23-ին, դրանք Արմավիրի 2-րդ, Արաքսի և Սարդարապատի մանկապարտեզներն են: Եվս 3-ը կառուցվում է պետական միջոցներով. Այգեվանում արդեն սկսել են, Նորավանում և Լենուղիում կմերկնարկեն գարնանը: Դրանց ավարտը, կահավորումը պետք է ավարտվի 2023-ին:
Հիմնանորագման հերթին է սպասում նաև Արմավիրի 11-րդ մանկապարտեզը, իսկ Խանջյանում վերջապես կվերակառուցեն սովետից հետո գործունեությունը դադարեցրած ու քայքայված պարտեզի շենքը:
Դավիթ Խուդաթյան - Մեզ համար էական նշանակություն ունի երկու համգամանք, նախ՝ որ մանկապարտեզները հիմնանորոգվեն, և երկրորդ՝ փորձում ենք ձերբազատվել փայտե վառարաններից: Այս դեպքում ավելի շատ ենք հաջողում, որովհետև քիչ ծախսատար է: Կասեմ, որ 2024-25 թթ. չենք ունենա մանկապարտեզներ, որոնք կտաքացվեն փայտի վառարաններով:
Սուբվենցիոն ծրագրով կգնեն նաև հիմնանորոգված կամ մասնակի նորոգված պարտեզների գույքն ու տեխնիկան: Դավիթ Խուդաթյանի հավաստմամբ՝ 4-5 տարի հետո Արմավիր խոշորացված համայնքի որևէ բնակավայր անշուք մանկապարտեզ չի ունենա: Տոնածառ էլ կզարդարեն ոչ թե շինարարների տրամադրությունը բարձրացնելու, այլ երեխաներին ուրախացնելու համար: