ՌԴ-Ն ԿԱՎԵԼԱՑՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՎԱԼԸ. ՆՈՎԱԿ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Ռուսաստանը կավելացնի Ադրբեջան գազի մատակարարման ծավալը՝ Հանրապետության ներքին սպառումն ապահովելու համար: Նրա խոսքով՝ առաջիկայում, երբ Ադրբեջանն ավելացնի գազի արդյունահանումը, կարող է քննարկվել նաև սվոպ մատակարարումների հնարավորությունը։
Ալեքսանդր Նովակը նշել է, որ Մոսկվան քննարկում է նաև Ղազախստանին և Ուզբեկստանին գազի մատակարարման ավելացումը՝ այդ երկրներում գազի սպառման աճի ֆոնին։
«Ռուսաստանի խողովակաշարային գազի հիմնական սպառողը Չինաստանն է: Այդ երկիր մատակարարումները կարող են հասնել տարեկան 100 միլիարդ խորանարդ մետրի: Հնարավոր է՝ գազի արտահանման ծավալներն ավելացվեն նաև Թուրքիայի տարածքով»,- ասել է փոխվարչապետը:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՆՉՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ
Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Լրատվամիջոցների տվյալով՝ թուրքական կողմն անհանգստացած է, որ Փարիզում աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։
Ավելի վաղ՝ Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում հրաձգություն էր տեղի ունեցել, հայտարարվել է երեք զոհի մասին: Փարիզի դատախազի ձևակերպմամբ՝ հարձակման պատճառ կարող է լինել ռասայական ատելությունը: Քրդական համայնքի ներկայացուցիչները զանգվածային ցույցեր են սկսել: Լրատվամիջոցները հայտնում են, որ շատերը հրաձգությունը կազմակերպելու համար մեղադրում են Թուրքիային:
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ. ԷՐԴՈՂԱՆ
Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հետ սահմանի մոտ ահաբեկիչների դեմ պայքարում նոր փուլ է սկսելու, 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ձևավորումը ավարտին է հասցվելու։ Նա հավելել է նաև, որ պաշտոնական Անկարան մտադիր է արագացնել Թուրքիայում բնակվող սիրիացի միգրանտների հայրենադարձման գործընթացը։
Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ տեղում իրավիճակը լարված է: Սիրիական բանակի հրետանին պատասխան հարվածներ է հասցրել Հալեպում թուրքամետ Ֆեյլաք ալ-Շամ կազմավորման դիրքերին, կան զոհեր և վիրավորներ: Նշվում է, որ սիրիական ուժերը դիրքային առաջխաղացում են գրանցել:
ԶԼՄ-ների տվյալով՝ Սիրիայի հյուսիսում դեկտեմբերի կեսերից հարաբերական հանգստություն էր պահպանվում, սակայն թուրքական անօդաչու թռչող սարքերը վերսկսել են հարձակումները Եփրատ գետի արևելյան ափին ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են նաև խաղաղ բնակիչներ: Ընդհանուր առմամբ, նոյեմբերին թուրքական «Ճանկ-սուր» գործողության մեկնարկից ի վեր Սիրիայի հյուսիսում շուրջ 120 խաղաղ բնակիչ է զոհվել։
ԿՈՍՈՎՈՅԻ ԶՈՒ-Ն ԲԵՐՎԵԼ Է ԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Կոսովոյի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստականության և պատրաստվում են Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում բարիկադների վերացման գործողություն իրականացնել՝ հայտնում են լրատվամիջոցները:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ խոստացել է պաշտպանել Կոսովոյում և Մետոխիայում բնակվող սերբերին, ուստի կարգադրել է երկրի զինված ուժերը նույնպես բերել բարձր պատրաստականության՝ ապահովելու Սերբիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Երեկ «Քվինտա» երկրների դեսպանները Վուչիչից պահանջել են 24 ժամվա ընթացքում ապամոնտաժել Կոսովոյի և Մեթոխիայի հյուսիսում տեղադրված բարիկադները, որոնք Կոսովոյի հյուսիսի սերբերը սկսել են կառուցել, երբ Կոսովոյի ոստիկանությունը Կենտրոնական Սերբիայի հետ սահմանին տեղակայված անցակետում ձերբակալել է նախկին սերբ ոստիկանի, որը հրաժարական էր տվել՝ այդպիսով իր բողոքը հայտնելով սերբական պետհամարանիշները փոխելու՝ Կոսովոյի որոշմանը: Այս իրադարձությունների ֆոնին Կոսովոյի հյուսիսում շարունակվում են սերբ բնակիչների բողոքի ակցիաները:
ՉԺՀ-Ն ԿԹՈՒԼԱՑՆԻ ԵՐԿԻՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Չինաստանը հունվարի 8-ից կթուլացնի երկիր մուտք գործող անձանց համար նախատեսված կարանտինային սահմանափակումները՝ տեղեկացնում է երկրի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունները։ 2020 թվականից օտարերկրացիները ստիպված էին երկիր ժամանելուն պես մեկուսանալ 3 շաբաթով, այնուհետև այդ ժամկետը կրճատվեց՝ դառնալով 5 օր: Այժմ Չինաստան մուտք գործելուց 48 ժամ առաջ հարկավոր է ՊՇՌ թեստ հանձնել:
Ավելի վաղ՝ Հիգիենայի և առողջապահության պետական կոմիտեից տեղեկացրին, որ Չինաստանի իշխանությունները մտադիր են բացառել կորոնավիրուսը «А» դասի հիվանդությունների ցանկից, որոնց դեպքում սահմանային հսկողության հատուկ սահմանափակումներ են կիրառվում։