Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից:
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական արցախցի փոքրիկը
շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում, և վիճակը կայունանում է:
Հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Բժիշկները կատարում են հնարավորը՝ հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Արցախի առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։