Իրանի իշխանությունները Եվրասիական տնտեսական միության հետ 2023 թ. հունվարի 18-ին ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օմիդ Ղալիբաֆը՝ փոխանցում է ISNA գործակալությունը:
Պաշտոնյան հիշեցրել է, որ այժմ Միության հետ առևտուրը Թեհրանը իրականացնում է արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի հիման վրա։ Բացի դրանից՝ ԵԱՏՄ-ն մաքսային արտոնություններ է տրամադրել իրանական 500 տեսակի ապրանքների համար, իսկ Իրանը՝ Միության 400 տեսակի ապրանքների:
Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին նույնպես հայտարարել էր, որ Իրանն ու ԵԱՏՄ-ն ավարտել են ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները և հասել համաձայնության:
Նախատեսվող համաձայնագիրը պետք է վավերացվի ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև Իրանի խորհրդարաններում: