Հայաստանում փայտացման դեպք է գրանցվել: Սա եզակի երևույթ է: Հիվանդության նախորդ դեպքը 2020-ին է եղել: Մինչև այդ էլ՝ 2016-ին:
Սպարտակ Պետրոսյան (ՀՀ ԱՆ ԻՀԱԿ ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ) - Ցավոք, այս պահին հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է՝ արհեստական շնչառությամբ: Կյանքի ապահովման ֆունկցիաները հիմա կատարվում են մեր կողմից՝ արհեստական:
Սյունիքի մարզի բնակիչ, 85-ամյա կինը հողի հետ աշխատելիս վնասել է ձեռքը: Փայտացման ցուպիկը ներթափանցել է վերքի մեջ ու տարածել վարակն օրգանիզմում: Մոտ տասը օր է՝ նա գտնվում է Երևանի «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում»:
Սպարտակ Պետրոսյան - Պրակտիկորեն, բոլոր տեսակ գրունտների մեջ փայտացման ցուպիկը կա, ու երբ որ ընկնում է վերքի մեջ, հավանականությունը բարձրանում է, որ փայտացման երևույթները՝ հիվանդությունը, կզարգանա. մկաններն են սկսում կարկամել, այսինքն՝ կծկվել ու չբացվել, որը հասնում է, ինչպես, օրինակ, մեր հիվանդի դեպքում, շնչառական մկանների կարկամության, և հիվանդը չի կարողանում շնչել: Նաև բնորոշ է, այսպես կոչված, «սատանայական, սարդոնիկ» ծիծաղը, երբ որ մկանների լարվածության հետևանքով դեմքին կարծես սառը ժպիտ լինի:
Փայտացումը կանխելու կամ դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը համարվում է պատվաստումը: Հայաստանում երեխաները փայտացման դեմ պատվաստվում են մի քանի անգամ` 6 շաբաթականում, 12 շաբաթականում, 18 շաբաթականում, 18 ամսականում, ինչպես նաև 6 տարեկան ու 15-16 տարեկան հասակում: Այնուհետև արվում է դիֆթերիայի և փայտացման դեմ համակցված պատվաստում՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ:
Բացի պլանայիններից՝ հնարավոր է նաև արտահերթ պատվաստում՝ կախված վնասվածքից:
Սվետլանա Գրիգորյան (ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ) - Դրան զուգահեռ` կարող է առաջարկվել նաև պասիվ իմունականխարգելում, երբ տվյալ անհատին առաջարկվում է ստանալ պատրաստի հակամարմիններ՝ իմունոգլոբուլինի կամ շիճուկի տեսքով, որպեսզի կարողանանք կանխարգելել հիվանդությունը, կամ պատրաստի հակամարմիններ, որպեսզի այդ պատրաստի հակամարմինները սկսեն պաշտպանել օրգանիզմը, մինչև պատվաստանյութը սկսի աշխատել:
Փայտացումով հոսպիտալացված կինը այդ հիվանդության դեմ պատվաստված չի եղել, վնասվածքից հետո էլ դիմել է բժշկի, բայց փայտացման պատվաստում չի իրականացվել: Թե ինչու՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում տեղեկություն չունեն: Ամբողջական պատվաստում ստացած անձը մոտ 95 տոկոսով պաշտպանված է փայտացում հիվանդությունից: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարիքի աճին զուգահեռ` նվազում է պատվաստումներում ընդգրկվածությունը: Եթե երեխաների դեպքում դա 90 տոկոս և ավելի է, մեծահասակ բնակչության շրջանում մինչև 20 տոկոս է: Բայց որքան երկար ժամանակ է անցնում նախորդ պատվաստումից, այնքան օրգանիզմը դառնում է խոցելի: Ուշագրավ է, որ նախորդ տարիների բոլոր դեպքերում փայտացմամբ հիվանդացել են տարեց մարդիկ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան