2023-ԻՆ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԻՐԱՆ-ԵԱՏՄ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Իրանի իշխանությունները 2023 թ. հունվարի 18-ին Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օմիդ Ղալիբաֆը:
Պաշտոնյան հիշեցրել է, որ այժմ Միության հետ առևտուրը Թեհրանն իրականացնում է արտոնյալ առևտրի մասին համաձայնագրով։ Բացի դրանից՝ ԵԱՏՄ-ն մաքսային արտոնություններ է տրամադրել իրանական 500 անուն ապրանքների համար:
Նախատեսվող համաձայնագիրը պետք է վավերացվի ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև Իրանի խորհրդարանների կողմից:
ՌԴ-Ն ԿԱՎԵԼԱՑՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՎԱԼԸ. ՆՈՎԱԿ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Ռուսաստանը կավելացնի Ադրբեջան գազի մատակարարման ծավալը՝ Հանրապետության ներքին սպառումն ապահովելու համար: Նրա խոսքով՝ առաջիկայում, երբ Ադրբեջանն ավելացնի գազի արդյունահանումը, կարող է քննարկվել նաև սվոպ մատակարարումների հնարավորությունը։
Ալեքսանդր Նովակը նշել է, որ Մոսկվան քննարկում է նաև Ղազախստանին և Ուզբեկստանին գազի մատակարարման ավելացումը՝ այդ երկրներում գազի սպառման աճի ֆոնին։
«Ռուսաստանի խողովակաշարային գազի հիմնական սպառողը Չինաստանն է: Այդ երկիր մատակարարումները կարող են հասնել տարեկան 100 միլիարդ խորանարդ մետրի: Հնարավոր է՝ գազի արտահանման ծավալներն ավելացվեն նաև Թուրքիայի տարածքով»,- ասել է փոխվարչապետը:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆՈՐ ՊԱՇԱՐՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Սև ծովի թուրքական հատվածում ավելի քան 3 հազար մետր խորության վրա 58 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ են հայտնաբերվել։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի բնական գազի պաշարները Սև ծովում կազմում են 710 միլիարդ խորանարդ մետր՝ մեկ տրիլիոն դոլար շուկայական արժեքով։ Նրա խոսքով՝ հետախուզական աշխատանքները շարունակվելու են։
Էրդողանը հավելել է՝ երկրի վերջնանպատակը էներգետիկ անկախությունն է։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄՈՏ ԻՆԸ ՄԼՆ ՄԱՐԴ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՉՈՒՆԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացին: Նրա խոսքով՝ ամենաբարդ իրավիճակը Խերսոնում և Դոնբասում է: Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական բանակն իր ուժերը կենտրոնացրել է Բախմուտի ուղղությամբ, սակայն քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերը ձախողվում են:
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ երկրում մոտ 9 միլիոն մարդ չունի էլեկտրաէներգիա, սակայն էներգահամակարգն աստիճանաբար վերականգնվում է:
Ukrenergo ազգային էներգետիկ ընկերությունից էլ տեղեկացրել են, որ չնայած էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներն աստիճանաբար վերացվում են, առկա հզորությունը բավարար չէ երկրի բոլոր բնակիչների կարիքները հոգալու համար։
Ուկրաինայի իշխանությունների տվյալով՝ ռուսական հարվածների պատճառով երկրի էներգետիկ ենթակառուցվածքների 50 %-ը շարքից դուրս է եկել:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՄՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 10 ՆԱՀԱՆԳՈՒՄ
ԱՄՆ-ի ավելի քան 10 նահանգում եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Երկիրը բախվել է ձյան առատ տեղումների, ձմեռային փոթորիկների: Գրանցվում են էլեկտրամատակարարման ընդհատումներ, օդանավակայանների աշխատանքը կաթվածահար է: Բնակչության մոտ երկու երրորդը պայքարում է սաստիկ սառնամանիքի դեմ՝ հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
ԱՄՆ-ում և Կանադայում 60-ից ավելի մարդ է զոհվել՝ հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով։ Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Նյու Յորք նահանգում, մասնավորապես, Բուֆալո քաղաքում, որտեղ, ԶԼՄ-ների տվյալով, ամենաբարդ իրավիճակն է ստեղծվել։ Reuters-ը հաղորդում է, որ քաղաքը ծածկվել է շուրջ 1,5 մետր բարձրության ձյան շերտով, խանութների մեծ մասը չի գործում: Մասնագետները զգուշացնեում են՝ առատ տեղումների պատճառով մեծանում է նաև ջրհեղեղների վտանգը։