Դեկտեմբերի 23-ի կեսօրին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ուղևորների ժամանման սրահում հայտնաբերել և գծային բաժին են տարել 34-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային համարով «Մակարով» տեսակի ատրճանակ։
Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնման սրահում նկատել են կասկածելի երիտասարդի, որը դիմել է փախուստի՝ այդ ընթացքում պայուսակից նետելով ատրճանակ:
Պարեկների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա ձերբակալվել և տարվել է օդանավակայանի գծային բաժին: Բաժնում պարզվել է ինքնությունը՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21-ամյա բնակիչ:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 9,5 մմ շեղբի երկարության ծալովի դանակ, 12 փամփուշտ և առանց գործարանային համարի ատրճանակ: Երիտասարդը հանձնվել է օդանավակայանի քննչական բաժնի ծառայողներին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: