Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արարողակարգի կոպիտ խախտման պատճառով չի մասնակցել արտերկրում Վրաստանի դեսպանների մասնակցությամբ ԱԳՆ-ի կազմակերպած խորհրդաժողովին: Այս մասին երկուշաբթի ասված է նախագահի աշխատակազմի հայտարարությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Անթույլատրելի է, որ պետական ինստիտուտների միջոցառմանը, առավել ևս ՝ Վրաստանի ԱԳՆ-ի կազմակերպած դիվանագիտական խորհրդաժողովում լինի համընդհանուր ճանաչված և ընդունված պետական և դիվանագիտական արարողակարգի կոպիտ խախտում։ Դեսպանների համաժողովի բացման միջոցառման ժամանակ կազմակերպիչը Վրաստանի նախագահի համար նրա կարգավիճակին համապատասխան տեղ չի որոշել»,- նշված է Վրաստանի նախագահականի տարածած տեքստում։
Վարչակազմում նաև ընդգծել են, որ նախագահը, Սահմանադրության համաձայն, պետության ղեկավարն է, և «Սահմանադրությունը պետության նախագահի ինստիտուտին տալիս է բարձրագույն կարգավիճակ բոլոր մյուս պետական ինստիտուտների նկատմամբ»:
Երկուշաբթի Վրաստանի ԱԳՆ-ում բացվել է երկօրյա ամենամյա «Դեսպանների խորհրդաժողով 2022»-ը։ Բացման արարողությանը ելույթ են ունեցել ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին: Համաժողովին մասնակցում են արտասահմանյան երկրներում Վրաստանի դեսպանները: