Ֆրենկ Սինատրայի հիթերը՝ հայ էստրադային երգիչների կատարմամբ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը տարեվերջյան համերգներ է կազմակերպել. Ամանորի տրամադրությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կպահպանվի մինչև դեկտեմբերի 30:
Ավելի շատ սիմֆոնիկ երաժշտության համերգներով հանդես եկող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի թիմը որոշել էր տոնական անակնկալ մատուցել հանդիսատեսին:
Անահիտ Բարխուդարյան (ՀԱՖՆ համերգների և միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար) - Ֆրենկ Սինատրայի երգացանկն ընտրելը բավական հեշտ էր, որովհետև բոլորս գիտենք նրա հիթային երգերը, սիրված երգերը, և նվագախմբի կատարմամբ այդ ամենը լսելը մի այլ հաճույք է:
Նման համերգները նաև լավ հնարավորություն են էստրադային երգիչների համար՝ ևս մեկ անգամ կատարել սիրված ու հայտնի երգեր սիմֆոնիկ նվագախմբի հետ: Արտիստներն իրենք են փաստում՝ նման համերգները կարևոր են իրենց համար:
Իլոնա Սագիևա (երգչուհի) - Կարծում եմ՝ ֆիլհարմոնիկը մեկ-մեկ պիտի նաև ոչ դասական երգիչների համար լինի, որովհետև սա շատ լավ հնարավորություն է՝ դրսևորելու մեր շնորհը բեմում:
Երվանդ Երզնկյան (դիրիժոր) - Համերգը շատ կարևոր համերգ ա, և միտքը շատ լավն ա՝ Ֆրենկ Սինատրայի: Նոր տարուց առաջ մարդիկ ոգևորվում են, երբ լավ երաժշտություն են լսում առհասարակ, և Ֆրենկ Սինատրայի կատարմամբ երգերը ուրիշ երգիչների կատարմամբ լսելը, կարծում եմ, ինչ-որ մի հետաքրքրություն կմտցնի էդ ամեն ինչի մեջ:
Ֆրենկ Սինատրայի երգացանկով արդեն երկու համերգ է անցկացվել: Դեկտեմբերի 25-ին ներկա էր նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Երեկոն յուրահատուկ էր՝ դահլիճում Ապրիլյան և 44-օրյա պատերազմի մասնակից զինվորներն էին, անմահացած հերոսների ընտանիքի անդամները, նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: Բոլորը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով:
Քանի որ առաջին երկու համերգների տոմսերը շատ արագ են սպառվել, կազմակերպիչները որոշել են ևս մեկն անցկացնել 2023-ի հունվարի 14-ին: Ամանորի համերգների շարքը այս տարի դեռ կշարունակվի՝ դեկտեմբերի 27-ին «Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթը կլինի, իսկ դեկտեմբերի 30-ին տարին ֆիլհարմոնիկը կեզրափակի «Վիեննա գալա» համերգով: