Սահմանամերձ Սոթքն է՝ թռչնի թևի բարձրությունից: Այս գյուղն էլ արդեն կարելի է կարմիր կտուրների բնակավայր անվանել: Այստեղ տոնական զարդարանքի փոխարեն հիմա այլ գործով զբաղվելն է արդիական, մարդիկ վերացնում են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետքերը:
Սոթքի պատանիներն են, ուսումնական տարին ավարտել ու սիրած գործին են անցել՝ ֆուտբոլային պայքար: Ոմանք չեն հրաժարվում նաև լրագրողական աշխատանքին ծանոթանալուց:
Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 13-14-ը թիրախավորված է եղել 12 գյուղ, վնասվել են 3-ը՝ Սոթքը, Կութը և Վերին Շորժան: Հակառակորդի արկերից այս գյուղերում ընդհանուր 162 բնակելի ու համայնքային շինություն է վնասվել կամ ավերվել: Ամենից շատ տուժել է հենց Սոթքը:
Մհեր Կիրակոսյանի տնից մի քանի մետր այն կողմ 4 արկ է ընկել, վնասել տանիքը, պատերը, պատուհանները:
Սա էլ Վալերի Պողոսյանի տունն է, կադրերում ավերված վիճակում է: Այսօր արդեն այլ պատկեր է, վերականգնել են թե արտաքին, թե ներքին վնասները:
Ագրեսիայից մի քանի օր անց Կառավարությունը տուժած երեք մարզերին 50-ական միլիոն դրամ հատկացրեց՝ վնասները վերականգնելու համար:
Կարեն Սարգսյան (Գեղարքունիքի մարզպետ) - Սկզբնական փուլում անցել ենք բոլոր տներով ու սկսել ենք վնասների գնահատում իրականացրել: Էս պահի դրությամբ արդեն բոլորին գրեթե գումարների 50 տոկոսը հատկացված է, աշխատանքները 55 և ավելի տներ արդեն ամբողջովին վերականգնված են, 63-ում էս պահի դրությամբ դեռ աշխատանքներ են իրականացնում:
Կան տներ, որոնց սեփականատերերը երկրում չեն, որոշ դեպքերում փաստաթղթային խնդիրներ կան, բայց մարզպետը վստահեցնում է՝ չի լինելու մի տուն, որը վնաս է կրել ու չի վերականգնվել: Գեղարքունիքին հատկացված 50 մլն դրամն արդեն սպառել են:
Կարեն Սարգսյան - Մեզ 20 մլն դրամ են հատկացրել Կառավարությունից, դրա հատկացումը ևս առաջիկա օրերին կավարտենք:
Քանի դեռ որդին դիրքերում է, տիկին Մարիետան է տան նորոգման աշխատանքներով զբաղվում՝ գնումներ է արել, բանվորներին հետևել:
Կարեն Սարգսյան - Ստեղ առաջին խնդիրը, որի առաջ որ կանգնել ենք, բախվել ենք, դա շինարարների խնդիրն ա եղել, որ չենք կարողացել բավականաչափ շինարար ներգրավենք, որ բոլոր տեղերում միաժամանակ աշխատանքները սկսենք: Հնարավորինս մի տեղ ավարտում են, անցնում են մյուս տեղ, կամ տան տերը ինքն ա իր ուժերով փորձում վերականգնել, մենք գումարը փոխանցում ենք, իրենք վերականգնում են:
Գումարը փոխանցում են, բայց նաև հետևում, որ աշխատանքները կատարվեն, փողը նպատակային՝ նորոգման վրա ծախսվի՝ շեշտում է մարզպետ Կարեն Սարգսյանը: Դրա համար էլ կես-կես տրամադրելու մեխանիզմով են փոխհատուցում: Կատարած աշխատանքը ցույց կտան, կստանան նաև մյուս կեսը:
Կարեն Սարգսյան - Էդ մեխանիզմը իրականում աշխատեց, ընդամենը ունենք 10 ընտանիք, ում գումար ենք տվել, և ոչ մի աշխատանք չեն իրականացրել, աշխատում ենք իրանց հետ, որ վնասները վերականգնեն:
Մարզպետը կարևորում է նաև ԵՄ դիտորդական խմբի ու ֆրանսիացի փաստաբանների այցերը: Նրանց ներկայությունը մեծ ազդեցություն է թողել՝ վստահ է Կարեն Սարգսյանը:
Կարեն Սարգսյան - Իրենք տեղում տեսան և գնահատեցին, որ հարձակում եղել է ՀՀ տարածքի վրա, և թիրախավորված են եղել բնակավայրերը, ոչ թե ինչ-որ ռազմական ենթակառուցվածքներ, այլ ուղիղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, դպրոց, մանկապարտեզ, վարչական շենքը և այսքան տներ, իրենք անձամբ տեսան, և դրա արձագանքը մենք շատ շուտ զգացինք, որ ԵՄ-ն որոշեց դիտորդական առաքելություն ուղարկի, և պարեկային աշխատանքներ իրականացնեն, ուսումնասիրեն մեր սահմանները, ինչի արդյունքում իրենց ներկայության ժամանակ բավականին նվազել էր հակառակորդի կողմից հրետակոծությունը կամ խախտումները:
Միջազգային գործընկերներն ու բարեգործական հիմնադրամները ևս մասնակցել են վերականգնման աշխատանքներին: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, օրինակ՝ կարմիր կտուրների հեղինակն է, ՄԱԶԾ-ն էլ վարչական շենքերի նորոգման աշխատանքներն է իրականացրել: Դրանցից մեկն էլ Կութինն է: Այս գյուղում բնակելի 10 տուն է վնասվել:
Կյանքը այստեղ վերադարձել է, չնայած ռազմական ագրեսիայի օրերին հատկապես այս երեք գյուղերից կանանց և երեխաներին տեղափոխել էին այլ բնակավայրեր:
Ահարոն Խաչատրյան (Վարդենիս համայնքի ղեկավար) - Հուրախություն մեզ՝ բոլորը մի քանի օր հետո հետ են եկել, հետ երբ մենք գույքի գնահատում արեցինք և տները վերանորոգում էինք, համարյա թե 80-90 տոկոսը հետ է եկել, կան մի քանի ընտանիքներ, որ դեռ հետ չեն եկել, բայց համոզված եմ, որ գալու են:
Աջակցության ևս մեկ փաթեթ կա այս գյուղերի համար: Ընտանի կենդանիներ կորցրած գյուղացիներին Կառավարությունը աջակցություն կտրամադրի: Հիմա, սակայն, գյուղացիների առաջ պայման են դնում՝ գումարը պարտադիր պետք է ծախսվի անասուն ձեռք բերելու համար:
Լուրը մարզպետը բոլորին հայտնեց, գյուղերում էլ խոսքը արագ է տարածվում: Պայմանը գյուղացիների համար ընդունելի է, այս տարածաշրջանում հիմնական զբաղմունքը հենց անասնապահությունն է: Կսպասեն անասունների նոր գլխաքանակին, թեկուզ նոր տարում: