Ուսումնական զորամասում ուսումնական փուլի ամփոփում է: Ժամկետային զինծառայողները մասնագիտացել են կոնկրետ զինտեխնիկա օգտագործելու, նաև մարտական ջոկ ղեկավարելու գործում: Կրտսեր հրամանատարների մեծ մասը ծառայությունը պետք է շարունակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:
Սասուն Հակոբյան (կրտսեր սերժանտ) - Ստացել եմ կրտսեր սերժանտի կոչումը ու դարձել եմ տանկի հրամանատար 3-րդ կարգի ու մեծ ուրախությամբ եմ ընդունում, որովհետև մեծ դժվարություններով եմ հասել դրան: Հիմա իմ դժվարությունը ավելի շատացել ա, քանի որ ես պատասխանատու եմ լինելու ոչ միայն իմ, այլև ընդհանուր անձնակազմի համար:
Արդեն հաջորդ ուսումնական փուլում այս զորամասում ժամկետայիններն ու սպաները նաև լեզուներ կուսումնասիրեն: Գրքի ընթերցման, լեզուների ուսուցման և ադրբեջանագիտական նորաբաց կենտրոնում կսովորեն լավագույնները, քննություն կհանձնեն, կանցնեն հոգեբանական արգելագոտի: Գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի խոսքով՝ ուսումնասիրելու են նաև արտերկրի փորձը և ժամանակի ընթացքում ավելի շատ զինծառայողների են հնարավորություն տալու օտար լեզուներ ուսումնասիրել:
Հայկ Վարդանյան (գումարտակի ԲՀԱ գծով տեղակալ, մայոր) - Մասնագետներ ենք հրավիրելու՝ հայագետներ, ադրբեջանագետներ, թուրքագետներ, իրանագետներ, նաև անգլերեն, ռուսերեն լեզվի մասնագետներ: Արդեն ընդհանուր կաղապարն ստեղծել ենք, արդեն մյուս փուլի ընթացքում կան կատարելագործման աշխատանքներ, որ պետք է իրականացնենք և հուսանք, որ կկարողանանք նոր փուլի ընթացքում զինծառայողների ընդունելության կազմակերպման հետ մեկտեղ ամբողջ ծրագիրը ներառել զորամասի ուսումնական ծրագրի մեջ և գործել համաձայն ծրագրի:
«Որ պատերազմում հաջողես, պետք է թշնամուդ լեզուն լավ իմանաս»՝ այս համոզման են թե՛ սպաները, թե՛ ժամկետայինները: Ուսումնական զորամասը բարեփոխումների մեծ շարք է նախաձեռնել: Պատերազմում մասնակի անհաջողության պատճառները, ըստ զորամասի հրամանատարի՝ հնացած որոշ մեթոդներն են եղել: Այդ հարցն էլ աստիճանաբար լուծվում է, փոխվում է նաև ուսումնական ծրագիրը, համապատասխանեցվում օրվա կարգացուցակին:
Դավիթ Ալեքսանյան (զորամասի հրամանատար, գնդապետ) - Պատերազմից հետո կատարվել են լայն վերլուծություններ, ու ուսուցման մեթոդներն էլ են փոխվել, ընդհանուր մոտեցումներն էլ են փոխվել: Այժմ նաև հստակ աշխատանք է տարվում, որպեսզի նաև գաղափարախոսությունը էն հրամանատարի առաջադրական մոտեցումով է բնութագրվում, այսինքն՝ յուրաքանչյուր զինծառայող, ինչպես արևմտյան բանակներին է հատուկ, ասում են՝ ստրատեջիք քորփրալ՝ ստրատեգիական զինվոր, որպեսզի մի զինծառայողն էլ պատերազմի դաշտում արժեք է, և մենք գնում ենք նրան, որ մեր զինծառայողներն անհատական մակարդակում լինեն խիստ պատրաստված, գերպատրաստված:
Զորամասի հրամանատարի խոսքով՝ ուսումնական փուլի ամբողջ ընթացքում հետևել են, որ ժամկետայինների մասնագիտական հնարավորությունները ճիշտ գնահատվեն: Ունեցել են նույնիսկ դեպք, երբ զինծառայողը քննությունները չի հաղթահարել և ծառայությունը շարունակելու է շարքային կազմում: Արգիշտը լավագույնների շարքում է.
Արգիշտ Պողոսյան (ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ) - Ուսումնական փուլի ընթացքում մեր հրամանատարները երեք կետերը դրեցին՝ մարտավարություն, ֆիզիկական և կրակային պատրաստության վրա, դրանք բարեհաջող կատարվեցին, և 18 շաբաթների ընթացքում կարողացանք բերել դրական արդյունքներ:
Ժամկետային զինծառայողները գործնականում թե ինչպես կկիրառեն տեսական գիտելիքները, ցույց կտա ժամանակը: Նրանք կարևոր առաջադրանք են ստացել՝ իրենց ղեկավարած մարտական ջոկով պատասխանատվություն ստանձնել, մարտական խնդիրը կատարել պատվով: