ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում ուսումնասիրություն է իրականացրել «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տրվել է մամուլի հաղորդագրություն։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ ուսումնասիրությունը «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում ընթացել է իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և տրամադրվել է վերահսկվող օբյեկտին՝ դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։
Վերահսկվող օբյեկտի կողմից ստացվել է նաև վերոնշյալ կարծիքը: Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկել է Տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ Տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։
Տեղեկացնենք նաև, որ «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված Տեղեկանքը և առնչվող նյութերը (ներառյալ՝ վերահսկվող օբյեկտի կողմից ներկայացված կարծիքը) ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:
Պետական վերահսկողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում և հորդորում է «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամին ձեռնպահ մնալ որևէ եղանակով ՀՀ պետական վերահսկողական ծառայության նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող փորձից»,- նշված է պարզաբանման մեջ։