ՎՐԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ
Թբիլիսին վերահաստատել է իր պատրաստակամությունը նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ամենամյա «Դեսպանների համաժողով 2022»-ի բացմանը հայտարարել է, որ Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին ցանկանում է նպաստել խաղաղության հաստատմանը խորհրդարանական համատեղ ջանքերով: Նրա խոսքով՝ այդ ջանքերը նախապայման կդառնան տարածաշրջանի զարգացման համար։
ԱՔԱՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ
Թուրքիայի պաշտպանության նախարարը քննադատել է այն երկրներին, որոնք, իր ձևակերպմամբ, օգտագործում են հակաադրբեջանական հռետորաբանություն: «Ինչպես միշտ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները հեռու են անաչառ լինելուց»,- նշել է Հուլուսի Աքարը՝ շարունակելով՝ «30 տարվա ընթացքում մենք չենք լսել ո՛չ երկրների, ո՛չ միջազգային կազմակերպությունների ձայնը, որոնք ներգրավված են ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացքում: Դրա համար մենք հարցնում ենք նրանց, ովքեր հիմա նման կարծիքներ են հնչեցնում՝ ինչի՞ մասին էիք մտածում մինչև հիմա»,- ասել է Աքարը։ Թուրք պաշտոնյան չի մանրամասնել, թե որ երկրների և միջազգային կազմակերպությունների մասին է խոսքը:
ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՎԱԶԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏԵՎԻՑ. ԼԱՎՐՈՎ
Արևմտյան երկրները շուտով կկորցնեն համաշխարհային տնտեսությունը ղեկավարելու իրենց կարողությունը՝ ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան չի պատրաստվում վազել Արևմուտքի հետևից, քանի որ գրեթե բոլոր կապերը խզված են: «Ռուսաստանը գիտի, թե ում հետ կարող է զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- նշել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը՝ մանրամասնելով, որ այսուհետև կենտրոնանալու են նրանց վրա, որոնք իրենց երբեք չեն հիասթափեցրել:
2023-Ը ՎՃՌՈՐՈՇ ՏԱՐԻ Է ԼԻՆԵԼՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ. ԵՐՄԱԿ
Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը չի բացառել, որ ԱՄՆ-ը դադարեցնի աջակցությունն Ուկրաինային, բայց դա, նրա կարծիքով, հնարավոր է 2023 թվականից հետո։ Այդ դեպքում Ուկրաինան կշարունակի ինքնուրույն պայքարել: «Նախ՝ մենք ունենք եվրոպական աջակցություն, ունենք նաև ոչ եվրոպական աջակցություն։ Մենք ամենամեծ երկիրն ենք, լավ թե վատ, մեր ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է»,- ասել է Արեստովիչն ու նշել, որ Ուկրաինան կարող է օգնության համար դիմել Չինաստանին, որը, նրա խոսքով, «խոստացել է երբեք չխաբել»։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակն էլ հայտարարել է Ղրիմը 2023 թվականին վերադարձնելու Կիևի պլանների մասին։ Երմակը կանխատեսել է, որ 2023 թվականը վճռորոշ տարի է լինելու Ուկրաինայի համար։ «Մենք ամեն ինչ անելու ենք մեր տարածքները վերադարձնելու համար»,- ասել է նա։
ԻՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ 7 ՔԱՂԱՔԱՑԻ
Թեհրանում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանում ծավալված անկարգությունների ընթացքում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ձերբակալությունները վկայում են այն ապակառուցողական դերակատարության մասին, որ ստանձնել է Լոնդոնը: Երեկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկացրել էր, որ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի 7 քաղաքացի, որոնցից մի քանիսը ունեն նաև Իրանի քաղաքացիություն։
Մեկնաբանելով Զելենսկու հնչեցրած մեղադրանքները՝ Քանանին շեշտել է, որ ուրիշներին, մասնավորապես՝ Իրանին մեղադրելը չի օգնի Ուկրաինայի ժողովրդին և իշխանություններին: «Մենք անպատասխանատու ենք համարում ցանկացած կողմի սպառնալից խոսքը, և Ուկրաինայի կառավարությունը պատասխանատվություն է կրում այդ սպառնալից հայտարարությունների քաղաքական և իրավական հետևանքների համար»,- ավելացրել է Քանանին։