Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մեկնարկում է արագ և կայծակնային (բլից) շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Վերջինս, ի դեպ, այսօր կայանալիք առաջին տուրում կմրցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Կանանց մրցաշարում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Մրցաշարին մասնակցում է 50 երկրի շուրջ 290 ներկայացուցիչ:
Առաջնությանը հայտավորված են նաև ԱՄՆ ներկայացուցիչներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը և մի շարք այլ տիտղոսակիր շախմատիստներ:
Առաջնության մրցանակային հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար է: Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 30-ին: