ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը:
ՀՀ պատվիրակության կազմում նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի շրջանակում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում 2022 թվականին տեղի ունեցած հիմնական աշխատանքներն ու 2023-2024 թվականներին նախանշված ծրագրերը:
Մասնավորապես հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը հաստատել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը մշակույթի ասպարեզում: Հայաստանում և Ռուսաստանում տոնական միջոցառումներ և հոբելյանական համերգներ կանցկացվեն՝ նվիրված կոմպոզիտորներ Ս. Ռախմանինովի և Ֆ. Շալյապինի 150, Ա. Խաչատրյանի 120-ամյակին:
Համատեղ միջոցառումներ են նախատեսվում նաև Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում, որոնց թվում ընդգրկված է նաև կինոռեժիսոր Ս. Փարաջանովի 100-ամյա հոբելյանը: 2023 թվականին Հայաստանում անցկացվելու են ռուսական մշակույթի օրեր:
Նախատեսվում են նաև երկու համաժողովների անցկացում՝ մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում: Կարևորվել է նաև գիտական համատեղ նախագծերի իրականացումը, շեշտվել է, որ 38 համատեղ նախագծեր են իրականացվում հիմնարար գիտության ոլորտում:
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ կողմերը ստեղծելու են բարենպաստ միջավայր` Ռուսաստանում հայերենի և Հայաստանում ռուսերենի զարգացման համար:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները ստորագրել են արձանագրություն, որը ներառել է երկկողմ օրակարգի բոլոր արդիական հարցերը:
Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հատուկ նամականիշների մարման արարողությունը: