Այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ։ Այդ մասին ասված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջում:
«Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Պաշտպանը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Պաշտպանի հաստատության կողմից իրականացված գործողությունները, այդ թվում՝ ամփոփ ներկայացրել է հրապարակված արտահերթ զեկույցները։
ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանն ու ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը ներկայացրել են կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակում Պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքները։ Խոսել են ադրբեջանական մեդիահարթակներում մոնիթորինգի, քաղաքացիների ընդունելության, թեժ գծի զանգերի, ստացված դիմում-բողոքների մասին։
Սեպտեմբերի 13-23-ն ընկած հատվածում միայն զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը ստացել է ավելի քան 100 դիմում-բողոք։ Դրանց մեծ մասը վերաբերել է զինծառայողների ճակատագրին, գտնվելու վայրին։ Բացի դրանից, Պաշտպանի հաստատությունը շարունակում է բողոքներ ստանալ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից։
Նշվել է, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ ՄԻՊ աշխատակազմերն աշխատել են հենց ակտիվ ռազմական գործողությունների գոտիներում, ինչի արդյունքում հավաքվել են արժանահավատ ապացուցողական տեղեկություններ։
Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ հաստատության փաստահավաք առաքելության ընթացքում վերհանվել են նաև ճգնաժամային իրավիճակներին պետական ու ՏԻՄ մարմինների արձագանքի թերությունները, որոնց ինստիտուցիոնալ լուծումների վերաբերյալ հաստատությունը ներկայացրել է առաջարկություններ ՀՀ Կառավարությանը։
Տեղի է ունեցել հարցուպատասխան-քննարկում։ Անդրադարձել են Ադրբեջանում պահվող գերիներին, անհետ կորած անձանց կարգավիճակին ու ճակատագրին, համապատասխան հանձնաժողովի աշխատանքներին, հայրենադարձված զինծառայողներին, այդ թվում՝ նրանց առողջական-հոգեբանական վիճակին, սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների հարցին։
Այնուհետև ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետ Դավիթ Վարդանյանն ու հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի մասնագետ Ջուլիա Գասպարյանը ներկայացրել են վարժական հավաքների գործընթացքում մարդու իրավունքների վիճակը։
Տեղի են ունեցել խորհրդի նիստի աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների վերաբերյալ մտքերի փոխանակում»,- նշված է գրառման մեջ։