Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 1-ից արդեն հրապարակել է 2023-ին ստուգման ենթակա ընկերությունների ցանկը: Ով ինչ շտկումներ ունի՝ դեռ ժամանակ կա՝ ասում է ՍԱՏՄ ղեկավարը:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Տնտեսվարողներն էլ կարող են ծանոթանալ, պատրաստ լինել, որովհետև մեր խնդիրը իրականում տուգանելը չէ, այլ թույլ չտալ, որ մարդիկ թունավորվեն:
Իրականացված խիստ ստուգումների արդյունքում թունավորման դեպքերը կրճատվել են՝ գրանցվել է ընդամենը 7 դեպք: Անցնող տարում նախատեսված 945 ստուգումներից 715-ն արդեն ավարտվել են, ու ընդամենը 22 տնտեսվարողի մոտ է, որ ոչ մի խախտում չի հայտնաբերվել:
Գեորգի Ավետիսյան - 693 տնտեսվարողի մոտ անհամապատասխանություններ կան, եղել են գործունեության կամ արտադրական ուղղությունների կասեցումներ, 162 ընկերություններ կամ կասեցվել են, կամ ժամանակավոր փակվել են, կամ գործունեությունն են փոխել:
Ստուգումների մի մասը դեռ ընթացքի մեջ է: Բացի պլանայիններից, 869 տնտեսվարողի մոտ էլ ստուգումներ են արվել բողոքների հիման վրա: 248-ի մոտ խախտումներ հայտնաբերվել են, 20-ի գործունեությունը կասեցվել է: Սանիտարական գրքույկների, արտադրամասերում հակամիջատային ցանցերի բացակայություն, աշխատողների ոչ պատշաճ վիճակ՝ սրանք հիմնական խախտումներն են:
Մսի շուկան համարվում է կառույցի ամենախնդրահարույց ուղղությունը, բայց սպանդանոցային մորթն այլընտրանք չունի՝ ասում է Գեորգի Ավետիսյանը: Եթե տուգանքները բավարար չեն կանխելու 5-րդ ձևի վաճառքը կամ բակային մորթը, դրանցով կզբաղվի ոստիկանությունը:
Գեորգի Ավետիսյան - Էս խնդիրը չի լուծվի, քանի դեռ ունենք փողոցից գնող քաղաքացիներ, բազմիցս ասել եմ, նորից կրկնեմ՝ փողոցից գնելու դեպքում իրենք նախ իրենց չեն հարգում, այլ նաև իրենց ընտանիքի անդամներին, որովհետև փողոցում 100 կամ 200 դրամ խնայելով՝ դու գնում ես վտանգավոր միս, անվտանգության մասին խոսելը անիմաստ ա:
Սեպտեմբերի ստուգումներով 14.500 կգ մսի վաճառք է կասեցվել, այս ամսվա սկզբից արդեն հայտնաբերվել ու կասեցվել է 6700 կգ առանց փաստաթղթի մսի իրացում: ՍԱՏՄ խոշորացույցի տակ է Վայոց ձորի մարզը, որտեղ դեռ սպանդանոցներ չկան: Կանոնակարգված մսի վաճառքին խոչընդոտում են հատկապես միջնորդ մսավաճառները:
Գեորգի Ավետիսյան - Թե՛ գյուղացուն են խաբում այսպես կոչված դալալները և թե՛ պետական մարմիններին են խաբում: Գյուղացուն խաբում են՝ ասելով, թե սպանդանոցը ավելի քիչ ա ձեզ փող տալու, բայց բոլոր այն գյուղացիները, որոնք սպանդանոցի հետ են աշխատել, հասկանում են, որ սպանդանոցի հետ աշխատելով ավելի են շահում, քան որ գալիս են, իրենց բակում մորթ են իրականացնում:
Փողոցային առևտրի դեմ պայքարում տեսչական մարմինը համագործակցում է Արմավիրի մարզպետարանի հետ: ՍԱՏՄ խոշորացույցի տակ են նաև ձկնաբուծարանները: Գեորգի Ավետիսյանն անդրադարձավ անցած շաբաթ ձկնաբուծարաններից մեկում մեծ խմբաքանակով ձկների անկմանը, դրան հետևած աղմուկին:
Գեորգի Ավետիսյան - Մենք գիտենք՝ ի՛նչ հիվանդություններից են անկումները լինում: Ուրբաթ և շաբաթ օրերին անձամբ ես մոտ 20 տնտեսություն այցելել, և խուճապի որևէ խնդիր չկա, և այդ հիվանդությունը, որը մենք այցելել ենք, մարդկանց համար բացարձակ անվնաս է:
Հիմա ձկնաբուծարաններում լուրջ անկումներ չկան, ասում է Գեորգի Ավետիսյանը: