Արդարադատության նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ այսօր կայացել է Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ իրականացվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի նիստը։ Այդ մասին ասված է ՀՀ արդարադատության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Նիստին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը, շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Արմենուհի Հարությունյանը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի համատեքստում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող վերջին դեպքերին, ընդգծել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները, ցուցաբերած ագրեսիան, ստեղծված հումանիտար ճգնաժամը, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները:
Հարությունյանը համակարգող խորհրդի նիստի ընթացքում համառոտ ներկայացրել է ՄԻՊ ԳԾ 2022 թ. իրականացման ընթացքը, մասնավորապես՝ անդրադարձ է կատարել չկատարված կամ մասամբ կատարված միջոցառումներին։
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության անդամների մասնակությունը՝ հաջորդ ԳԾ-ում առավել թիրախային միջոցառումներ ու չափելի արդյունքներ ունենալու համար։
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը համակարգող խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է Արդարադատության նախարարության պատասխանատվության ներքո գտնվող գործողությունների կատարման ընթացքը և առաջացած խնդիրները: Կարևորելով միջոցառման յուրահատկությունը՝ Վարդանյանը բարձրաձայնել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության և զարգացումներին վերաբերող հարցերը։
Քննարկման ավարտին նախանշվել են հետագա գործողությունները, որոնք իրականացվելու են շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության անդամների հետ: Համակարգող խորհրդի նիստի բոլոր մասնակիցները կիսել են այն գաղափարարը, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը հետևողական և շարունակական աշխատանք է»,- նշված է գրառման մեջ։