Բացօթյա ապօրինի առևտուրը փողոցներում, տոներին ընդառաջ, ավելացել է: Երևանի քաղաքապետարանը պարբերաբար ստուգայցեր է կազմակերպում՝ կանխելու փողոցում սանիտարահիգիենիկ պայմանների խախտմամբ իրականացվող սննդամթերքի վաճառքը: Տարվա ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի վերաբերյալ միջինում 2000 արձանագրություն է կազմվում: Զուգահեռ մեծ ծավալի նախազգուշացումներ են լինում, որոնց հաշվառում չի իրականացվում:
Հայկ Սիմոնյան (Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների գլխավոր մասնագետ) - Ապրանքը հավաքել ենք տալիս, մայթերն ազատում ենք, որ քաղաքացիները կարողանան ազատ տեղաշարժվել:
Ստուգայցերի ընթացքում քաղաքացիները ենթարկվում են վարչական պատասխանատվության՝ 70-100 հազար դրամի չափով: Նախատոնական օրերին վաճառվող մթերքի տեսականին ընդլայնվում է. միրգ-բանջարեղենին ավելանում է միսը: Ստուգայցի ընթացքում նաև սիգ տեսակի ձկան ապօրինի վաճառք հայտնաբերվեց:
Հայկ Սիմոնյան - Շատ-շատ են վաճառում: Ահագին առգրավել ենք, վերցրել ենք: Չի թույլատրվում սիգի որսը կոնկրետ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցը նշում է՝ նաև կաթնամթերք և այլ սնունդ է փողոցում վաճառվում՝ առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի, արտադրության ժամկետի, պահման պայմանների, բաղադրության մասին պիտակի:
Լևոն Գուլքանյան (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետ) - Քանի որ դրանք չկան, նշված սննդամթերքները համարվում են անհայտ ծագման, որն ինքնին արդեն ռիսկայնությունը բարձրանում է թունավորման աստիճանով:
Արմեն Թումանյան - Մենք ամեն կանոնները պահպանում ենք, ես մենակ ամեն օր 500 դրամի տոպրակ եմ առնում, մեկը չկա, որ մեզնից ստեղ դժգոհ լինի:
Երևանի քաղաքապետարանը փողոցային առևտուրը կանխելու համար հատուկ վայրեր է առանձնացրել, սակայն շատերը նախընտրում են առանց հարկ վճարելու փողոցում արկղերի վրա առևտուր անել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետի խոսքով՝ ցանկալի արդյունքից հեռու են, քանի դեռ չեն կարողանում առգրավել ապրանքը: Հույս ունի՝ սպասվող բարեփոխումները կլուծեն խնդիրը:
Հովիկ Սաֆարյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ) - Մենք նախաձեռնել ենք օրենսդրական բարեփոխում, որ կարողանանք այդ ապրանքները վերցնել, որ դադարի առևտուրը, քանի որ որոշ առևտրականներ օգտվում են այն հանգամանքից, որ չունեն իրենց անվամբ գրանցված գույք, և անվճարունակության հիմքով նշանակված տուգանքները մնում են օդում կախված:
Երևանի քաղաքապետարանը շեշտում է՝ բնակչության մեծամասնությունը կողմ է փողոցային առևտրի վերացմանը, նշում է՝ դա ոչ թե սոցիալական խնդիր է լուծում, այլ սոցիալական խնդիրներ է առաջացնում:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան