Գնման գործընթացում մոտ 415 միլիոն դրամի հափշտակության համար Արա Մինասյանի նկատմամբ հարուցվել է քրեական նոր հետապնդում: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը մեկ այլ գործով երեք տարի է՝ հետախուզման մեջ է: Նոր գործի մեղադրյալներից երկուսն ընդունել են մեղքը:
Կոնկրետ գնման գործընթացում գնվել են հեմոդիալեզի պարագաներ, որոնք ձեռք են բերվել «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ի կարիքների համար:
Հենց այս պարագաների գնումների գործընթացում է, ըստ իրավապահների՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը 2014-2018 թթ. ընթացքում կատարել շուրջ 415 միլիոն դրամի հափշտակություն: Մեկ այլ դրվագով՝ հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար արդեն 3 տարի հետախուզվող Մինասյանի գործով այլ փաստական տվյալներ են ի հայտ եկել, որոնց հիման վրա նրա նկատմամբ այս նոր քրեական հետապնդումն է հարուցվել:
Կարեն Մելքոնյան (ՔԿ հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետ) - Պարզվել է, որ այդ թվականներին հեմոդիալեզի պարագաների ձեռքբերման գնման գործընթացում տվյալ բժշկական կենտրոնի տնօրենը հանցավոր համաձայնություն է ձեռք բերել հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության հետ, և պայմաններն այնպես են սահմանել, որ հաղթի տվյալ ընկերությունը:
Վարչության պետի խոսքով՝ մինչև գնումների հայտարարումը, բժշկական պարագաներ մատակարարող ընկերությունը կազմել է տեխնիկական բնութագիր՝ կոնկրետ ապրանքի ձեռքբերման առարկայի վերաբերյալ, և դրանք նախօրոք տրամադրվել են գնումների համակարգողին, որն, ըստ մեղադրանքի, գործել է Մինասյանի հանձնարարությամբ:
Կարեն Մելքոնյան - Դրանից հետո նույն տեխնիկական բնութագրերով հայտարարվել է մրցույթ: Տեխբնութագրերը սահմանված են եղել այնպես, որպեսզի, այսպես ասած, «այլ խաղացողներ» չկարողանան մասնակցել տվյալ գնմանը: Մասնավորապես, գնման առարկայի մեջ նշված է տվյալ ապրանքի մոդուլը, որը գնումների մասին օրենքով չէր թույլատրվում, և տվյալ կազմակերպությունը 2014-18 թվականների ընթացքում 4 գնման մասնակցելով՝ 4-ի դեպքում էլ շահել է:
Հենց այս ընկերության հետ էլ բժշկական կենտրոնը պայմանագիր է կնքել` հեմոդիալեզի պարագաների համար վճարելով 1 միլիարդ դրամից ավելի: Բացի Արա Մինասյանից՝ այս գործով քրեական հետապնդում է հարուցվել նաև բժշկական պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի նկատմամբ:
Կարեն Մելքոնյան - Տնօրենին ներկայացվել է մեղադրանք, որում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և 415 միլիոն դրամից վերականգնել 50 միլիոն դրամ ու պարտավորվել է հունվար ամսվա մեջ ևս 30 միլիոն դրամ վերականգնել:
Մինասյանին օժանդակելու համար մեղադրանք է ներկայացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի նախկին հաշվապահին, որը նույնպես, Մելքոնյանի խոսքով, ընդունել է մեղքը:
Կարեն Մելքոնյան - Բժշկական կենտրոնից առգրավել են բոլոր գնման փաթեթները, որոնք վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվել են, առգրավվել են նաև այլ բժշկական փաստաթղթեր:
Բացի փաստաթղթերից՝ նախաքննական մարմինն ունի նաև վկաների ցուցմունքներ: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` Մինասյանի գույքի վրա կալանք է դրվել: «Լուրերը» փորձեց մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում ճշտել Մինասյանի պաշտպանից՝ Ամրամ Մակինյանից: Նա, սակայն, նշեց, որ վատառողջ է, և անջատեց հեռախոսը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան: