«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին մեր երկրի միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը պայմանագրի դրույթներին, այն է` ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով կսահմանվի վերապահում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների արտահանման մասով՝ անտառանյութ, հանքաքար, սև մետաղից սալիկներ, աղացագնդեր, սև մետաղի թափոններ և ջարդոն, սև մետաղից պատրաստված խողովակներ և դրանց կցամասեր, սև մետաղական կոնստրուկցիաներ, ինչպես նաև գունավոր մետաղի թափոններ և ջարդոն:
Նշվել է, որ սահմանափակումները չեն վերաբերում ԵԱՏՄ երկրներ տեղափոխվող ապրանքներին: Միաժամանակ գործող օրենքի համապատասխան հոդվածով նշված դասակարգիչներն առաջարկվում է համապատասխանեցնել ԵԱՏՄ գործող միասնական դասակարգիչներին, որոնք հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թ. սեպտեմբերի 14-ի որոշմամբ:
Վահան Քերոբյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքում:
Հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանի հարցին, թե արդյոք ՌԴ Պետդուման ցանկանո՞ւմ է օրենսդրորեն բարձր եկամտահարկ կիրառել իր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ուկրաինական հակամարտության հետևանքով գտնվում և աշխատում են ԱՊՀ և այլ երկրներում, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ մեր երկիրն ամեն ինչ անում է հատկապես ՏՏ ոլորտի օտարերկրյա աշխատակիցների համար եկամտային հարկի լավ ռեժիմ ապահովելու ուղղությամբ:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:
««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 26-ի նիստում: