ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ աշխատանքային այցով Ռուսաստանում է: Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:
Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետը:
Հանդիպումն արդեն ավանդական է դարձել՝ բացման խոսքում նշել է Ռուսաստանի նախագահը՝ ներկայացնելով 2022-ի որոշ արդյունքներ: Անցնող տարում, ըստ Վլադիմիր Պուտինի՝ ԱՊՀ երկրների միջև բազմակողմանի գործակցությունը ընդհանուր առմամբ հաջող է զարգացել, ինչն ապացուցվում է առևտրաշրջանառության կայուն աճով:
Հունվար-հոկտեմբերին 6.6 տոկոս աճ է գրանցվել՝ կազմելով 81 միլիարդ դոլար, Պուտինի խոսքով՝ կան հիմքեր ակնկալելու, որ 2022-ի արդյունքներով համատեղ առևտրաշրջանառությունը կհասնի 100 միլիարդ դոլարի: Նա անդրադարձել է նաև համաշխարհային տնտեսության ոչ բարենպաստ իրավիճակին ու առկա մարտահրավերներին:
Բացման խոսքից հետո ԱՊՀ երկրների ղեկավարներն անցել են փակ ֆորմատով քննարկման:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - ԱՊՀ երկրների միջև գործակցության ևս մեկ առանցքային ուղղություն է մեր ընդհանուր եվրասիական տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանումը:
Ցավոք սրտի, մարտահրավերներն ու վտանգներն այս տարածքում՝ առաջին հերթին արտաքինից, ամեն տարի միայն աճում են: Պետք է, ցավոք, խոստովանել, որ տարաձայնություններ են ծագում նաև ԱՊՀ անդամ երկրների միջև, սակայն կարևոր է, որ մենք պատրաստ ենք և գործակցելու ենք, և եթե անգամ առաջանում են որոշակի խնդրահարույց հարցեր, ձգտում ենք դրանք լուծել միասին, համատեղ՝ միմյանց ցուցաբերելով ընկերական ու միջնորդական օգնություն: