«Քվինտա» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ, Ֆրանսիա) դեսպանները Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից պահանջել են 24 ժամվա ընթացքում ապամոնտաժել Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում տեղադրված բարիկադները: Այս մասին հայտնել է Pink հեռուստաալիքը։
Դեսպանները նման պահանջով նամակ են հղել Սերբիայի ղեկավարին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում չեն միջամտի չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի՝ իրավիճակն ինքնուրույն կարգավորելու փորձերին: Վերջինը տարածաշրջանի հյուսիսում բարիկադների վերացման ժամանակ «չի բացառել զոհերը»:
Կոսովոյի հյուսիսի սերբերը սկսել են բարիկադներ կառուցել նախկին ոստիկան Դեյան Պանտիչի ձերբակալությունից հետո, որից հետո Պրիշտինայից ոստիկանության հատուկջոկատայիններ են տեղափոխվել շրջանի հյուսիս։ Իրավիճակը Կոսովոյում և Մետոխիայում կտրուկ սրվել է դեկտեմբերի 6-ին, երբ հատուկ ջոկատայինները՝ Կոսովոյում Եվրամիության առաքելության պարեկների ուղեկցությամբ, սկսել են գրավել տարածաշրջանի՝ հիմնականում սերբերով բնակեցված հատվածի ընտրական հանձնաժողովների շենքերը:
Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոյսիլովիչն իրավիճակը Կոսովոյի հյուսիսում գնահատել է բարդ և պահանջել է սերբական բանակի ներկայությունը վարչական գծի երկայնքով: