Ամփոփվել է «ԵՄ-ն հանուն նորարարության» դրամաշնորհային ծրագիրը, որը մեկնարկել էր 2020 թ. հոկտեմբերի 30-ին: Ծրագրի նպատակն էր բարձրացնել Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կարողությունները, բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը:
Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները», «Բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրի բարելավում՝ գույքի և սարքավորումների ձեռքբերման միջոցով»: «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները» բաղադրիչի հիմնական նպատակը ԿԶՆԱԿ-ին տեխնիկական աջակցության տրամադրումն է՝ նպաստելով կառույցի կարողությունների զարգացմանը:
Տրամադրվող աջակցությունը ընդգրկում է հանրակրթության ոլորտի հիմնական ուղղությունները՝ ուսուցիչների մասնագիտական զարգացումը, որը ներառում է ուսուցիչների վերապատրաստումը և ատեստավորումը, դպրոցներում ուսումնական գործընթացների կառավարումը և գնահատումը, ուսումնական ծրագրերի, նյութերի մշակման և փորձաքննության մեթոդաբանությունը, համապատասխան ուղեցույցների ստեղծումը։
ԿԶՆԱԿ-ի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ծրագրի շրջանակում կազմակերպությանը տրամադրվել է 50 դյուրակիր համակարգիչ: «Բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրի բարելավում՝ գույքի և սարքավորումների ձեռքբերման միջոցով» բաղադրիչի նպատակն է բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը Տավուշի մարզի դպրոցներում` տրամադրելով քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատոր սարքավորումներ և գույք:
Բաղադրիչի շրջանակում Տավուշի 76 հանրակրթական դպրոցներ ստացել են բնագիտական և ՏՀՏ լաբորատոր սարքավորումներ և գույք: