Լաչինի միջանցքի շուրջ սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և վստահեցրել, որ ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար:
«Սպասում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիներով համատեղ աշխատանքի շուտափույթ վերսկսմանը: Կարծում ենք, որ այս դեպքում փաստաթղթի հարցում համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը հասնեն փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում»,- ասել է դիվանագետը:
Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է աջակցելու բանակցային գործընթացին այնպես, ինչպես արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։