ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ. ԳԱԼՈՒԶԻՆ
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի լարումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը՝ ՏԱՍՍ լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ հավելելով, որ ռուսական կողմը ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար:
«Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքի վերսկսմանը: Հետևում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է փոխնախարարը։
Դիվանագետի խոսքով՝ փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ, գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի հանգուցալուծման, որը կերաշխավորի կայուն խաղաղություն տարածաշրջանում:
Միխայիլ Գալուզինը ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցելու բանակցային գործընթացին, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։
BBC-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ
«Ինչի է վերածվում «հաղթանակի պաշտամունքը» ադրբեջանցի դպրոցականների համար» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել հեղինակավոր BBC-ի ռուսական խմբագրությունը:
Հրապարակման մեջ նշված է, որ Ադրբեջանի դպրոցներում երեխաներին դաստիարակում են «ատիր թշնամուդ» կարգախոսներով: Հեղինակը նկատում է, որ միայն այն փաստը, որ Բաքուն շարունակում է ապագա սերնդին մեծացնել պարտադրված հայրենասիրությամբ, ենթադրում է, որ հարևան ժողովուրդները դեռ շատ հեռու են հաշտեցումից։
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանում «հայամետ» բառն իրականում անեծք է, իսկ բոլոր նրանք, ովքեր հայամետ են, ծիծաղի առարկա են դառնում, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հոդվածի հեղինակը նկատում է, որ 2021 թվականից Ադրբեջանի կրթության նախարարությունը հաստատել է, որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա կրթության առաջնահերթություն, իսկ դրա զգալի մասը պետք է նվիրվի 44-օրյա պատերազմի ուսումնասիրությանը: Ադրբեջանցի մանկավարժներից շատերը խոստովանում են, որ հայրենասիրության քողի տակ երբեմն թաքնված է լինում պետության կողմից պարտադրված ատելության քարոզ և ագրեսիա:
Ուսումնասիրելով Ադրբեջանի դպրոցական դասագրքերը՝ հեղինակը հատվածներ է մեջբերում դրանցից, որոնք նկարագրում են հայերի ենթադրյալ դաժանությունը՝ երեխաների մեջ սերմանելով վրեժ, ատելություն, ագրեսիա:
ՌԴ-Ի ՆՊԱՏԱԿԸ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՄԱԽՄԲԵԼՆ Է. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նպատակը ռուս ժողովրդին համախմբելն է, Մոսկվան միշտ ձգտել է բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ 2014 թվականից Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Ուկրաինայում իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Նրա խոսքով՝ «ամեն ինչի խնդիրը Մոսկվայի աշխարհաքաղաքական հակառակորդների քաղաքականությունն է, որն իր հերթին ուղղված է Ռուսաստանը, պատմական Ռուսաստանը մասնատելուն»։ Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը կկարողանա ոչնչացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե Միացյալ Նահանգները դրանք մատակարարի Ուկրաինային:
ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ավանդական տեսաուղերձում ազգաբնակչությանը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հրթիռային հերթական հարվածներն է նախապատրաստել։
«Մեր թշնամին այս ժամանակահատվածը փորձելու է մեզ համար խավար և դժվար դարձնել»,- նշել է Զելենսկին, նաև շեշտել, որ պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի՝ կոչ անելով իր հայրենակիցներին ուշադրություն դարձնել օդային հարվածների ազդանշաններին և անհրաժեշտության դեպքում ապաստարան փնտրել ժամանակավոր կենտրոններում: