Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի լարումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը՝ ՏԱՍՍ լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ հավելելով, որ ռուսական կողմը ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար:
«Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքի վերսկսմանը: Հետևում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է փոխնախարարը։
Դիվանագետի խոսքով` փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ, գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի հանգուցալուծման, որը կերաշխավորի կայուն խաղաղություն տարածաշրջանում: Միխայիլ Գալուզինն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։
ՎՐԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ
Թբիլիսին վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ամենամյա «Դեսպանների համաժողով-2022»-ի բացմանը հայտարարել է, որ Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին ցանկանում է նպաստել խաղաղության հաստատմանը խորհրդարանական համատեղ ջանքերով: Նրա խոսքով՝ այդ ջանքերը նախապայման կդառնան տարածաշրջանի զարգացման համար։
BBC-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ
«Ինչի է վերածվում «հաղթանակի պաշտամունքը» ադրբեջանցի դպրոցականների համար» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել հեղինակավոր BBC-ի ռուսական խմբագրությունը: Հրապարակման մեջ նշված է, որ Ադրբեջանի դպրոցներում երեխաներին դաստիարակում են «ատիր թշնամուդ» կարգախոսներով: Հեղինակը նկատում է, որ միայն այն փաստը, որ Բաքուն շարունակում է ապագա սերնդին մեծացնել պարտադրված հայրենասիրությամբ, ենթադրում է, որ հարևան ժողովուրդները դեռ շատ հեռու են հաշտեցումից։ Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանում «հայամետ» բառն իրականում անեծք է, իսկ բոլոր նրանք, ովքեր հայամետ են, ծիծաղի առարկա են դառնում, օրինակ` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հոդվածի հեղինակը նկատում է, որ 2021 թվականից Ադրբեջանի կրթության նախարարությունը հաստատել է, որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա կրթության առաջնահերթություն, իսկ դրա զգալի մասը պետք է նվիրվի 44-օրյա պատերազմի ուսումնասիրությանը: Ադրբեջանցի մանկավարժներից շատերը խոստովանում են, որ հայրենասիրության քողի տակ երբեմն թաքնված է լինում պետության կողմից պարտադրված ատելության քարոզ և ագրեսիա: Ուսումնասիրելով Ադրբեջանի դպրոցական դասագրքերը՝ հեղինակը հատվածներ է մեջբերում դրանցից, որոնք նկարագրում են հայերի ենթադրյալ դաժանությունը` երեխաների մեջ սերմանելով վրեժ, ատելություն, ագրեսիա:
ԱՔԱՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ
Թուրքիայի պաշտպանության նախարարը քննադատել է այն երկրներին, որոնք, իր ձևակերպմամբ, օգտագործում են հակաադրբեջանական հռետորաբանություն:
«Ինչպես միշտ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները հեռու են օբյեկտիվ և անաչառ լինելուց»,- նշել է Հուլուսի Աքարը՝ շարունակելով. «30 տարվա ընթացքում մենք չենք լսել ո՛չ երկրների, ո՛չ միջազգային կազմակերպությունների ձայնը, որոնք ներգրավված են Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում: Դրա համար մենք հարցնում ենք նրանց, ովքեր հիմա նման կարծիքներ են հնչեցնում՝ ինչի՞ մասին էիք մտածում մինչև հիմա»,- ասել է Աքարը։
Թուրք պաշտոնյան չի մանրամասնել, թե որ երկրների և միջազգային կազմակերպությունների մասին է խոսքը: