Դեկտեմբերի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Երևան տեղափոխված 4 ամսական երեխայի մոտ, մասնագետների գնահատմամբ, կա թեթև դրական դինամիկա, բայց վիճակը կայուն ծանր է:
Ընդերային լեյշմանիոզ ախտորոշմամբ փոքրիկը, որ այժմ գտնվում է «Մուրացան» հիվանդանոցում, սկսել է ուտել, աշխուժացել է՝ «Լուրերին» հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Կայուն է նաև 62-ամյա արցախցի տղամարդու վիճակը, որը Երևան էր տեղափոխվել դեկտեմբերի 19-ին՝ սրտային պաթոլոգիայով: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում նրան վիրահատել էին, այժմ հիվանդը գտնվում է ընդհանուր բաժանմունքում:
Կարեն Խաչիյան («Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն) - Բարեբախտաբար, խնդիրներ այսօրվա դրությամբ չենք արձանագրել: Եթե այս տեմպով շարունակվի նրա բարելավման գործընթացը, մի քանի օրից կարծում եմ՝ արդեն դուրս գրման պատրաստ կլինի: Հավելեմ նաև, որ չմիջամտելը կարող էր անդառնալի կորուստների բերել, թեկուզ սրտամկանի վնասման իմաստով:
Բարեբախտաբար, այսօրվա դրությամբ սրտամկանը բավարար վիճակում է, այսինքն՝ ժամանակային առումով կորուստ չենք ունեցել: