Ռուսաստանցի խաղաղապահներն արցախցի ակտիվիստներին հորդորել են սպասել մինչև դեկտեմբերի 26-ը: Այդ օրը խոստացել են կյանքի ճանապարհի բացման հարցին լուծում տալ, զորակազմի գնդապետի հետ բանակցությունների արդյունքները հրապարակել է արցախցի ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը:
Տիգրան Պետրոսյան (Ակտիվիստ) - Չենք կարողանում ուժով մաքրել նրանց, որովհետև իրավունք չունենք, բայց ամեն ինչ արվում է, որպեսզի բացեն: Մենք ասում ենք, որ քանի օր է՝ դա լսում ենք: Նա մեզ խոստացավ, որ ամսի 26-ին կոնկրետ այս առումով լինելու է հստակ խոսակցություն, և ճանապարհը բացվելու է:
Երեկ խաղաղապահների առաջին անցակետում Արցախ-Հայաստան անխափան կապն ապահովելու պահանջը փոքր կազմով ներկայացնելուց հետո Պետրոսյանը տեղեկացրել էր՝ եթե ճանապարհը չբացեն, ավելի մեծ կազմով են լինելու այստեղ:
Տիգրան Պետրոսյան - Արդեն կասկածում ենք՝ մեզ որպես մանրադրա՞մ են այստեղ պահում, թե՞ ոչ: Եթե մենք զգանք ժողովրդով, որ մեզ այստեղ որպես մանրադրամ են պահում, կա՛մ ամբողջ ժողովրդով դուրս ենք գալու այստեղից, կա՛մ կանանց ու երեխաներին հանելու ենք, մենք մինչև վերջ մեր քաղաքում կռվենք:
Այսօր ավելի մեծ թվով քաղաքացիներ Վերածննդի հրապարակից քայլելով անցել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի մեծ մասը: Պահանջը հստակ է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բացել Արցախն արտաքին աշխարհին կապող միակ միջանցքը:
Դավիթ Խաչատուրյան (Ակտիվիստ) - Խնդիրներ կան բազմաթիվ, բայց մեր Արցախի ժողովուրդը քաջաբար դիմադրում է, եղել են ավելի վատ օրեր, դիմադրել ենք, պայքարել ենք: Ժողովուրդը հիմա նույնպես պատրաստ է պայքարել և դիմադրել:
Արցախցի ակտիվիստները ռուս խաղաղապահներին կոչ են արել չտրվել ադրբեջանական սադրանքներին: Այդպիսով, նրանք կարող են կորցնել արցախցիների վստահությունը: