Արմեն Թադևոսյան (Ջերմուկի համայնքային ճոպանուղու տնօրեն) - Հիմա վերացրել ենք վնասները, էսօր ձեր ներկայությամբ առաջին անգամ կպտտենք, սա սկիզբն է:
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի թիրախում հայտնված Ջերմուկի ճոպանուղին 3,5 ամիս անց կվերսկսի իր աշխատանքը:
Արմեն Թադևոսյան - Դեկտեմբերի 25-ից ամբողջությամբ կաշխատի, այցելուներին հրավիրում ենք, թող գան Ջերմուկի ձմեռը վայելեն:
Ականների, բեկորների հասցրած վնասները վերացրել են: Այս աշխատանքների համար Կառավարությունը 12 մլն դրամ է հատկացրել: Գումարի մի մասը պահել են գարնան հողային աշխատանքների համար, ականներից առաջացած ակոսները կվերացնեն, վնասված ծառերը կփոխեն:
Ականների հասցրած տեսանելի վնասից բացի մի այդքան վնաս էլ ճոպանուղին կրել է չաշխատելու հետևանքով: Նախորդ տարվա նույն 3,5 ամսում շուրջ 12 մլն դրամի եկամուտ են ունեցել՝ ասում է տնօրենը:
Ճոպանուղին, հյուրանոցներ, առողջարաններ, տներ, մեքենաներ: Անցնող ամիսներին համայնքապետարանն ու մարզպետարանը գույքագրել են Ադրբեջանի հրետակոծության հասցրած վնասը, Կառավարությունը՝ փոխանցել գումարը՝ 50 մլն դրամ:
Գոհար Թադևոսյան (Ջերմուկ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար) - 14 մլն-ը՝ համայնքին, 12-ը՝ ճոպանուղուն, 2 մլն-ը՝ Շահումյան 27 շենքը վերականգնելուն, 17 մլն փոխհատուցվել է ֆիզիկական անձանց:
Ջերմուկ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը վստահեցնում է՝ մինչև սեպտեմբերի 13-ը Ջերմուկում մեկնարկած որևէ ծրագիր չի չեղարկվել:
Գոհար Թադևոսյան - Ասֆալտապատման աշխատանքները, բակերի կարգավորումը, մայթերի աշխատանքները շարունակվեցին, ու ավարտին հասել է մի մասը: Մասնավոր հատվածում էլ կան տնտեսվարողներ, որոնք էլի շարունակում են:
Գոհար Թադևոսյանը խոստովանում է՝ սեպտեմբեր-հոկտեմբերին ամեն մի ջերմուկցու վերադարձից ուրախանում էին, հիմա 90 տոկոսից ավելին իր տանն է: Հետ եկողների հոսքը հատկապես ակտիվացավ, երբ վերաբացվեցին դպրոցները:
Սարգսյան Լուսիկ (Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն) - Հոկտեմբերի 10-ից առկա սկսվեցին դասերը: Երբ անցանք առկա դասերին, երեխաները քիչ-քիչ եկան, բացակայություններ չենք ունենում:
Մեր նկարահանման ընթացքում դպրոցի դասերն արդեն ավարտվել էին, մի քանի աշակերտ էր միայն սպասում ծնողներին, նաև զարդարում դասարանը:
Նոր-նոր գումարել-հանելու մեջ հմտացած երեխաները երեք ամիս առաջ ստիպված էին հաշվել պայթող արկերի քանակը: Չնայած դրան՝ բոլորն էլ տոնածառ են զարդարել, հիմա թվարկում են Ձմեռ պապից ակնկալվող նվերները:
Ադրբեջանի լայնածավալ ու ագրեսիվ հարձակումից 3,5 ամիս անց Ջերմուկում նոր-նոր են գալիս զբոսաշրջիկները, կան նաև ընտանիքներ, որոնք որոշել են 2023-ը հենց Ջերմուկում դիմավորել:
Ջերմուկի մեծ հյուրանոց-առողջարաններում պատկերն այսպիսին է, ասում են՝ փոքր առողջարանների վիճակն ավելի վատ է: Սա Ադրբեջանի հրետակոծությունների հետևանքն է, հյուրանոցների սեփականատերերը հույս ունեն՝ գոնե կոմունալների և հարկերի վճարների զեղչ կլինի: Այդ խնդրով մարզպետարան դիմել են, սպասում են պատասխանի:
Եթե այս օրերին ավելի շատ օտարերկրացիներն են նախընտրում Ջերմուկը, ապա Ամանորի գիշերը՝ տեղացիները: Միայն այդ մի քանի օրը Ջերմուկ կվերադառնա նախկին աղմուկը, այս պահին կիսադատարկ հյուրանոցները Ամանորի հինգ օրերի համար ազատ սենյակ չունեն: Հույս ունեն՝ տարեսկզբի այդ եռուզեռը կշարունակվի նաև հաջորդ օրերին, ամիսներին: Հենց այդ նպատակով Ջերմուկի զբոսաշրջության կենտրոնը մարքեթինգային նոր արշավ է սկսել:
Հուսով են՝ Ամանորի ակտիվությունը, այսպիսի արշավները կօգնեն, որպեսզի բիզնեսը չընկճվի:
Ջերմուկցիները շեշտում են՝ բոլոր զանգերի դեպքում միշտ նույն հարցը հնչում է՝ արդյոք անվտա՞նգ է հիմա Ջերմուկում:
Իսկ պատասխանը կարճ է՝ Ջերմուկը բոլոր հյուրերի համար անվտանգ է այնքան, որքան հենց ջերմուկցիների:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան