Իրանում հիջաբ կրելու պահանջը կարող է չեղարկվել: Այդ մասին հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին, ընդգծելով՝ այդ հարցով աշխատանքներ են տարվում, առաջիկա շաբաթների ընթացքում համապատասխան առաջարկներ կներկայացվեն խորհրդարան։
Արմեն Պետրոսյան (տարածաշրջանային հարցերի փորձագետ) - Սա առաջին դեպքը չէ, որ գլխաշորի պատճառով լինում են ցույցեր, այն դառել է իշխող վարչակազմի խորհրդանիշ է, ու երբ բողոքի գործողություններ են լինում, զուգընթաց գլխաշորի թեման էլ է արծարծվում:
Իրանում արդեն մոտ 3 ամիս է՝ բողոքի ցույցերը շարունակվում են: Դրանք սկսվել են դեռ սեպտեմբերին, ոստիկանական բաժանմունքում մահացավ 22-ամյա քրդուհի Մահսա Ամինին, որին բերման էր ենթարկել «բարքերի ոստիկանությունը»՝ գլխաշորը սխալ կրելու համար: Ըստ հետաքննության՝ Ամինին մահացել է սրտի անբավարարությունից, մինչդեռ ծնողները պնդում են, թե նա առողջական որևէ խնդիր չի ունեցել:
Ի դեպ, վերջին օրերին շրջանառվում էին լուրեր նաև «բարքերի ոստիկանության» լուծարման հնարավորության մասին, սակայն պաշտոնական կառույցները հերքել են այդ լուրերը:
Իրանում հիջաբ կրելու պահանջն ի հայտ եկավ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո և օրենսդրորեն ամրագրվել է 1983 թվականից: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ երկրի Սահմանադրությունը նույնպես հնարավոր է վերանայվի:
Արմեն Վարդանյան - Պատրաստվում են լուրջ զիջումների գնալ, ամենաբարձր մակարդակով է քննարկվում հարցը, ցանկանում են Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ իրականացնել:
Հասարակության շրջանում առկա ներքին բողոքը՝ թե՛ տնտեսական խնդիրների, թե՛ հասարակական ազատությունների հետ կապված, նաև Իրանի իշխանության ուշադրության կենտրոնում է՝ կարծում է իրանագետ Գարիկ Միսակյանը: Ամեն դեպքում փաստում, որ առաջին շաբաթների համեմատ վերջին օրերին բողոքի ակցիաները ավելի պասիվ են, անջատողական շարժումները՝ լռեցված:
Գարիկ Միսակյան (իրանագետ) - Կարծես թե գնում է հասարակական վերափոխումների և բողոքը մեղմելուն, այն մեծ ուժը, որը ներկայացվում էր, մարել է, բայց պոտենցիալը պահպանվել է
Գուցե ոչ գլոբալ, բայց նշանակալից բարեփոխումներ կլինեն՝ Իրանի իշխանությունը զգուշավոր է, բայց և պատրաստ բարեփոխումների՝ իրանագետի դիտարկումն է:
Գարիկ Միսակյան - Չեմ կարծում, որ օրինական հիմքով փորձեն ընդհանրապես արգելեն կամ դարձնեն ցանկությամբ կրելու, բայց տալիս են որոշակի ազատություններ՝ չգրված, երկրի ղեկավարությունը խոսում է շատ բարեփոխումների մասին:
Փորձագետները թերահավատ են, որ գլխաշորը պարտադիր կրելու պահանջի հարցում իրանական իշխանությունները կգնան ամբողջական զիջումների: Նրա խոսքով՝ դա սկզբունքային հարց է, իսկ հնարավոր փոփոխությունները կլինեն միայն մակերեսային:
Արմեն Պետրոսյան - Այդ ուղղությամբ զիջումը ավելի խոցելի կդարձնի համակարգը, ավելի կուժեղանա ճնշումը, խոսքը գնում է կոսմետիկ զիջումների մասին:
Գարիկ Միսակյան - Կարծես թե անում են բավական զգուշավոր, արտաքին ազդեցությունը բացառում են և ներքին բարեփոխումներով փորձում են համակարգին նվազագույն վնասը հասցնել, բայց կա դիսկուրս, որ մեկ զիջումը այլ զիջման կարող է բերել:
Իրանագետի գնահատմամբ՝ անջատողականությանը դեմ են նաև ներքին ընդդիմադիրներն ու ցուցարարները, Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ևս թողել են իրենց ազդեցությունը, որ ներքին դաշտի խաղացողները մեղմեն ցույցերի ընթացքը և փորձեն պետության հետ գալ համաձայնության:
Իրանական հասարակությունը բավական լուրջ ցույցեր է անցկացնում և պահանջող է, բայց նաև անջատողականության չի գնում:
Պաշտոնական Թեհրանը դեռևս չի մանրամասնել՝ հիջաբի պարտադիր կրման մասին օրենքում ինչը և ինչ ուղղությամբ են ծրագրում փոխել։
Զանգվածային ցույցերի հետևանքով, պաշտոնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ իրավապահներ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան