Այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Երևանի դիմումով քննարկեց իրավիճակը Հայաստանն ու Արցախը կապող ճանապարհին:
Անվտանգության խորհրդի մշտական անդամներից Ֆրանսիան տեղեկացրեց՝ նախատեսվում է հայտարարության ընդունում: Ու թեև այն դեռ չկա, աշխատանքներն այդ ուղղությամբ չեն դադարում. այդ մասին է վկայում նաև Ալիևի վերջին հայտարարությունը: Ադրբեջանի նախագահը Բաքվի դեմ սադրանքի նախապատրաստում որակեց գործընթացը ՄԱԿ-ում:
Հայտարարություն ընդունելու համար ԱԽ անդամների կոնսենսուս է անհրաժեշտ, թե կոնկրետ ինչի շուրջ 15 երկրները դեռ չեն պայմանավորվել, դժվար է ասել, բայց քննարկման ընթացքում բոլորը համակարծիք էին՝ Լաչինը բացել է պետք:
Ոչ դա, ոչ երկրների մի մասի հասցեական քննադատությունը Ադրբեջանի հասցեին, սակայն, չխանգարեց այդ երկրի ներկայացուցչին հայտարարել, թե Լաչինը փակ չէ, Լեռնային Ղարաբաղն էլ ոչ թե Լեռնային Ղարաբաղ է, ինչպես ԱԽ անդամներն են անվանում, այլ Ադրբեջանի տնտեսական շրջան:
Քաղաքական զարգացումների, միջազգային հարթակներում Ադրբեջանի շարունակական ստի հակառակ կողմում մարդկանց ճակատագրեր են՝ իրարից բաժանված ծնողներ ու երեխաներ, բուժօգնությունից զրկված հիվանդներ, արդեն երկու շաբաթ շրջափակման մեջ ապրող արցախցիներ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան