Ստեփանակերտում համաժողովրդական հանրահավաքը սկսվել է Տերունական աղոթքով: Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը հայրենիքից հեռու ապրող արցախցիներին վերադառնալու կոչ է արել Վերածննդի հրապարակից:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան (ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ) - Խնդրում եմ և հորդորում՝ վերադարձե՛ք Արցախ և տե՛ր կանգնեք և տե՛ր կանգնեք ձեզ վստահված այս սրբազան մասունքին: Արցախում նախքան պատերազմը եթե ունենայինք առնվազն կես միլիոն հայություն, 2020 թվականի պատերազմի ժամանակ կունենայինք լրիվ այլ պատկեր, և միգուցե պատերազմ էլ չլիներ: Այս ամենին զուգահեռ մենք մեր խոնարհումն ու աղոթքն ենք վերառաքում առ Աստված՝ մեր հերոս նահատակների հիշատակի համար, մեր երախտիքն ու օրհնությունն ենք բերում բոլոր այն արցախցիներին, որ այսքան դժվարություններից հետո կառչած են մնում իրենց արմատներին ու հայրենի հողին:
14 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Արցախը Հայաստանին և աշխարհին կապող կյանքի ճանապարհն արգելափակել են ադրբեջանցի կեղծ բնապահպանները: Արցախյան գոյապայքարում ծնող և որդի կորցրած Արմեն Ասրյանը նրանց հիշեցրել է Բաքվի և Սումգայիթի՝ բնապահպանական նորմերից հեռու նավթահորերի մասին:
Արմեն Ասրյան (Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների և անհետ կորածների հարազատների միության նախագահ) - Գնացեք ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայո՛վ զբաղվեք, գնացեք ձեր Բաքվի և Սումգայիթի գարշահոտ օդի մաքրության համա՛ր պայքարեք: Ուզում եք ասել՝ կարո՞ղ եք դա անել, չե՛ք կարող, դուք չունեք այդ ձայնի ազատությունը ձեր տոտալիտար երկրում, ձայնազուրկ եք այնտեղ դուք: Հիմա եկել այստեղ կապիկություններ եք անում:
Եթե լինի 1988-ի ոգին, արցախցիները կրկին կարող են հաղթահարել անասելի դժվարություններ՝ ինչպես 90-ականներին, համոզված է Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների և անհետ կորածների հարազատների միության ղեկավարը: Միայն թե ժողովրդի և իշխանության միջև անդունդներ չլինեն:
Արմեն Ասրյան - Պետք է ժողովուրդը վստահ լինի, որ իր թիկունքում հարցեր չեն լուծվելու, պետք բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու գործիչները մի կողմ դնեն բոլոր անձնական, քաղաքական տարաձայնությունները և ամբիցիաները, համախմբվե՛նք մեկ գաղափարի շուրջ:
Հաջողության տանող ուղին միասնությունն է, համոզված է տարիներ առաջ Արցախում հաստատված, Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը:
Անդրանիկ Չավուշյան (Աղավնո համայնքի ղեկավար) - Մեր ճակատագիրը մեկն է, մեր փրկությունը մեր միասնականության մեջ է, և հաղթելու ենք միասին, չենք զիջի միասին, կզարգանանք միասին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գնահատմամբ՝ 14-օրյա շրջափակումն արցախյան ազատագրական պայքարի հերթական փուլն է, բայց մարդիկ չեն տրտնջում, այլ ուզում են հաղթահարել ու հաջորդ սերնդին ապահով երկիր կտակել:
Ռուբեն Վարդանյան (Արցախի պետական նախարար) - Այս բլոկադան 14 օր չէ, այս պայքարը շարունակվում է 35 տարի: Շարունակվում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը տեսնի, որ այս պայքարում մենք հաղթահարել ենք դժվարություններն ու ստացել ենք այն, ինչի համար հազարավոր զոհեր ենք տվել: Հավատացե՛ք՝ ամեն օր առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա ժամը 2-ը մենք աշխատում ենք որ մի բան անենք, որ հաղթահարենք այս դժվարությունները, հավատացե՛ք, որ մենք հասկանում ենք ձեր դժվարությունները:
Արցախ անունը միջազգային բարձր ամբիոններում՝ ՄԱԿ-ում, ՄԻԵԴ-ում և այլուր վերջին շաբաթներին հնչել է ավելի, քան նախորդ 20 տարում: Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ծանր շրջանում Արցախի կողքին են:
Ռուբեն Վարդանյան - Ես ուզում եմ շնորհակալություն ասել այն մարդկանց տարբեր երկրներում՝ Հայաստանից սկսած, և Ռուսաստանում և Ֆրանսիայում և Ամերիկայում, որոնք իսկապես ամեն ձևով աջակցում են մեզ:
Արցախցիները միջազգային հանրությանը կոչ են անում սանձել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները: Մարտակերտից մանկավարժ Սոնա Ադամյանը հիշեցրել է՝ ոչինչ չանել, նշանակում է աջակցել Արցախի հայաթափմանը:
Սոնա Ադամյան (մանկավարժ) - Ո՞ւմ ենք պետք ձեր հզոր մրցանակներ շահած ֆիլմերը, որտեղ բարին հաղթում է չարին, իսկ այսօր աշխարհի մի կետում մի ժողովրդի նկատմամբ իրականացվող կենսական նշանակության խեղդմանը անտարբեր եք դուք, լուռ եք, չեք տեսնում, չեք լսում, չեք արձագանքում:
Հումանիտար աղետի պայմաններում արցախահայության կոչն աշխարհին Ստեփանակերտից հնչել է տարբեր լեզուներով: Վերջում բազմահազարանոց հանրահավաքը հղել է ուղերձ՝ համազգային հարցը լուծում կարող է ստանալ համահայկական համախմբմամբ:
Արցախահայության հստակ կոչ-ուղերձն է՝ Արցախի և Հայաստանի միջև ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել բանակցությունների և սակարկման առարկա: