Ֆրանսիայի նախագահը Հարավային Կովկասում նոր լարվածության կապակցությամբ իր լուրջ մտահոգություններն է փոխանցել Ադրբեջանի ղեկավարին: Հեռախոսազրույցի ընթացքում Էմանուել Մակրոնը Իլհամ Ալիևին կոչ է արել հարգել 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունը և Լաչինի միջանցքի երկայնքով թույլ տալ ազատ տեղաշարժը:
Ելիսեյան պալատի ղեկավարը նաև ընդգծել է տուժած բնակչությանը մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ հասանելիության հրատապությունը:
Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Հայաստանի շուրջ ընթացող գործընթացներին անդրադարձել է նաև Ֆրանսիայի արտգործնախարարը: Կատրին Կոլոննան, պատասխանելով Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի նամակին, ընդգծել է՝ միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ծանր հումանիտար հետևանքներ կարող է ունենալ:
Լաչինի միջանցքը, եռակողմ հայտարարության համաձայն, փաստացիորեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ է։ Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ ՄԱԿ-ը այնտեղ ներկայացված չեն։ Պետք է արձանագրել, որ Ռուսաստանն այսօր դեռ ի վիճակի չէ կամ չի ցանկանում ապահովել իրեն վստահված անվտանգության երաշխիքները:
Ֆրանսիայի գլխավոր դիվանագետը նաև հավաստիացրել է` Փարիզը ջանքեր է գործադրում, որ ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը Հայաստանում մշտական կարգավիճակ ստանա: Կատրին Կոլոննայի համոզմամբ՝ այս առաքելությունը հնարավորություն է տվել զգալիորեն նվազեցնել սահմանային լարվածությունը և վստահության ամրապնդման կարևոր միջոց է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցություններին աջակցելու համար։
Դեկտեմբերի 20-ից ՀՀ տարածքում գործարկվել է գնահատման և պլանավորման ժամանակավոր առաքելություն, ինչը հնարավորություն կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության արագ տեղակայմանը, որը կսկսվի, հենց Եվրամիության 27 անդամ պետություններ հաստատեն դրա մանդատը:
Քաղաքական և դիվանագիտական շրջանակներից բացի՝ Լաչինի միջանցքը բացելու կոչով հանդես են եկել նաև Ֆրանսիայի մտավորականները: «Ֆիգարո» թերթը ավելի քան 200 դերասան, կինոռեժիսոր, գրող, փիլիսոփա, հեռուստատեսային գործիչ ու ակադեմիկոս «Պետք է փրկել 120 հազար արցախահայի» վերտառությամբ համատեղ հոդված է հրապարակել, ահազանգել՝ Ադրբեջանի կողմից արցախահայերին էթնիկ զտում է սպառնում։
«2020 թ. պատերազմից, ֆոսֆորային ռումբերից, խոշտանգումներից հետո ադրբեջանական բռնակալությունն այս անգամ նոր այլանդակ կտտանք է հնարել՝ փակել Լաչինի միջանցքը, որն Արցախի հայերի միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ: Մենք հիանում ենք այս մարդկանց խիզախությամբ, որոնք կազմակերպվում և դիմադրում են. նրանք դիմադրում են և կդիմադրեն մինչև վերջ, սակայն նրանք մեզ են ապավինում, և մենք չենք կարող խուլ մնալ նրանց կանչին»:
Ֆրանսիայի մտավորականները կոչ են արել յուրաքանչյուրին՝ հասանելի բոլոր եղանակներով պայքարել այս ողբերգության դեմ: Հոդվածի վերջում «Ես աջակցում եմ Հայաստանին» և «Ես աջակցում եմ Արցախին» հեշթեգերն են: