Հայաստանի Հանրապետությունում փայտացման դեպքերը գրանցվում են հազվադեպ (վերջին դեպքը գրանցվել է 2020 թվականին), սակայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հանրապետությունում արձանագրվել է փայտացման դեպք չպատվաստված 85 տարեկան անձի մոտ, որը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Փայտացման կանխարգելման, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:
Հայաստանում փայտացման դեմ պատվաստումները կատարվում են համակցված պատվաստանյութերով՝ Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված ժամկետներում՝ մինչև 12 ամսական, 18 ամսական և 6 տարեկան երեխաներին, 15-16 տարեկան դեռահասներին, այնուհետև՝ դիֆթերիայի և փայտացման դեմ յուրաքանչյուր՝ 10 տարին մեկ:
Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են փայտացման դեմ պատվաստանյութերով:
Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել փայտացման դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:
Հիշեցնենք, որ փայտացումը ծանր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է սուր ընթացքով, նյարդային համակարգի ախտահարումով, կմախքային մկանների տոնիկ և կլոնիկ ցնցումներով, որն ի վերջո բերում է ասֆիկսիայի (շնչառության կանգ):
Հիվանդության հարուցիչը Clostridium tetani-ին է, որը կարող է երկար ժամանակ պահպանվել հողում, ջրում և ցանկացած մակերեսի վրա։ Մարդը վարակվում է, երբ հարուցիչը ներթափանցում է վնասված մաշկի կամ լորձաթաղանթների միջոցով: