Առողջապահության նախարարության աշխատակիցը ներկայացնում է մանկական մահացության վիճակագրությունը, որը Հայաստանում վարվում է 1954 թվականից: Ըստ գերատեսչության տվյալի՝ մեր երկրում վերջին տարիներին նմանատիպ դեպքերի նվազման միտում է նկատվում.
Լիլիթ Ավետիսյան (ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ) - Մանկական մահացության 60-40 տոկոսը բաժին է հասնում նորածնային տարիքին, իսկ նորածնային տարիքից էլ ավելի մեծ տոկոս է կազմում վաղ նորածնային, այսինքն՝ կյանքի առաջին յոթ օրերի ընթացքում մահերի թիվը:
Մանկական մահացության հիմնական պատճառներն են բնածին, ժառանգական և շնչառական հիվանդությունները: Որոշ դեպքերում մահացության պատճառը նաև ծնողների կրթական ցենզն է, ազդեցություն ունեն սոցիալական, տնտեսական և մշակութային գործոնները: Պետությունը այս պատճառները նվազեցնելու ուղղությամբ հետևողական աշխատանք է տանում.
Սերգեյ Սարգսյան (ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ) - Հայաստանում մանկական հիվանդանոցային օգնությունը հիմնականում գտնվում է պետության ֆինանսավորման ներքո, և դա անխուսափելիորեն ազդում է օգնության մատչելիության վրա, որի արդյունքում և՛ դիմելիությունն է ժամանակին, և՛, համապատասխանաբար, այս ամենը չէր կարող չանդրադառնալ նաև հիվանդացության և մահացության թվերի վրա:
Իրականացվում են սքրինինգային անվճար հետազոտություններ, որոնք ոչ միայն նվազեցնում են մահացության ցուցանիշը, այլև կանխում որոշ այլ հիվանդությունների զարգացումը: Նախարարությունը արդյունքը պայմանավորում է նաև բուժանձնակազմի ամենամյա վերապատրաստումներով, ծնողների հետ տարվող աշխատանքով, պատվաստումներով և ոչ միայն:
Լիլիթ Ավետիսյան - Ինտենսիվ թերապիայի ծառայության որակի բարձրացում, ինչպես նաև մենք պատրաստվում ենք հաստատել մոտ 10 գործելակարգեր, որոնք օգնել են բուժանձնակազմին՝ բարձրացնելու սպասարկման որակը, և դա էլ ավելի կնպաստի մահացության թվերի նվազմանը:
Մասնագետների խոսքով՝ մանկական մահացության նվազման գործում մանկաբույժներին պետք է օգնեն նաև ծնողները՝ երեխայի խնդիրները ավելի վաղ հայտնաբերելու և կառավարելու համար:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան