44.9 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԵՎ ՆԱՏՕ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել երկրի 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծի ծախսային մասին: Այն կազմում է շուրջ 1,7 տրիլիոն դոլար: Միջոցների մեծ մասը՝ մոտ 858 մլրդ դոլար, կուղղվի պաշտպանությանը:
Ուկրաինային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին շտապ աջակցության համար Վաշինգտոնը մտադիր է հատկացնել 44,9 մլրդ դոլար: Միջոցների մի մասը նախատեսված է ուկրաինացի զինվորականների վերապատրաստման և Կիևին փոխանցված սպառազինությունների համալրման համար:
2023 թվականին Ուկրաինային ընդհանուր աջակցությունը երեք անգամ գերազանցում է ընթացիկ տարվա համար նախատեսված միջոցները:
ԶԵԼԵՆՍԿԻՆ՝ 2023-Ի ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի դեսպանների համաժողովի շրջանակում առանձնացրել է 2023 թվականին ուկրաինական դիվանագիտության հիմնական խնդիրները։
Առաջնահերթությունների շարքում է ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկը, ինչպես նաև 2023 թվականի հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցությունը և դրանից հետո «կոնկրետ արդյունքների ապահովումը»։ Հաջորդ քայլը Ուկրաինան պաշտպանական սարքավորումներով զինելն է:
Զելենսկին նշել է, որ մեկ այլ կարևոր ուղղություն է էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնումը։ Նա կոչ է արել դեսպաններին այդ հարցով գործակցել կառավարության, միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների հետ։ Ուկրաինայի ղեկավարը նաև կոչ է արել խստացնել հակառուսական պատժամիջոցները և սառեցնել ակտիվները՝ ուղղելով դրանք իր երկրի վերականգնմանը:
Նա նաև դեսպաններին հորդորել է աջակցել իրենց տները լքած և այլ պետություններում ապաստանած ուկրաինացիներին, հետևել, որ նրանց իրավունքները չոտնահարվեն:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
Չնայած Չինաստանում հակահամավարակային խիստ սահմանափակումներին՝ երկրում քովիդով վարակման դեպքերն ավելանում են: Չինաստանի առողջապահության հանձնաժողովի պաշտոնական տվյալով՝ դեկտեմբերին այդ թիվն տատանվել է օրական 2-ից 4 հազարի սահմաններում։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրում COVID-19-ով վարակման գագաթնակետը կարող է գրանցվել հունվարի սկզբին. որոշ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Պեկինում, այդ մտավախություններն արդեն իրականություն են դարձել:
Չինաստանի իշխանությունները մարզային հարյուրավոր բժիշկների և այլ բուժաշխատողների ուղարկել են Պեկին, որպեսզի կորոնավիրուսի նոր ալիքի պայմաններում մայրաքաղաքի հիվանդանոցները կարողանան օգնություն ցուցաբերել վարակվածներին:
ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄՐԱՊՆԴՎԻ. ԷՐԴՈՂԱՆ
Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ 2023 թվականին թուրք-ադրբեջանական գործակցությունն էլ ավելի կամրապնդվի՝ գլխավորապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային համատեղ նախագծերի իրականացման հարցում:
Թուրքիայի նախագահը պնդել է, թե թուրք-ադրբեջանական միությունը և երկու ժողովուրդների վաղեմի եղբայրությունը նպաստում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։