Եվրոպական կենտրոնական բանկի փորձագետների կանխատեսմամբ՝ բիթքոինը պիտանի չէ ո՛չ որպես վճարման միջոց, ոչ էլ որպես ներդրման տարբերակ: Բանկը օրեր առաջ զեկույց է հրապարակել, որը նվիրված է աշխարհի ամենաթանկ կրիպտոարժույթին: Բանկի փարձագետները հանրությանը հորդորում են խուսափել բիթքոինով ներդրումներից՝ չնայած դրա կարճաժամկետ եկամտաբերությանը:
Էդուարդ Ավետիսյան (կրիպտոարժույթի փոխանակման հարթակի հիմնադիր) - Համացանցում մի հատ կայք կա, ընդեղ գրանցվում են բոլոր դեպքերը, երբ ինչ-որ մեծ լրատվամիջոցներ կամ պետական ու մասնավոր խոշոր կազմակերպություններ կանխատեսում են բիթքոինի մահվան մասին: Վերջին՝ 467-րդ կանխատեսումը Բիթքոինի մահվան մասին ԵԿԲ-ինն էր:
Մեր երկրում մասնագետները այս կարծիքին չեն, հակառակը, վստահ են, որ բիթքոինը չի պայթի, և նման հրապարակումներին թերահավատորեն են վերաբերվում: Սամվել Մարտիրոսյանը զեկույցում որոշակի տարօրինակություններ է նկատել, օրինակ՝ որ փորձագետները անդրադարձել են ոչ թե կրիպտոարժույթ գաղափարին, այլ կոնկրետ բիթքոինին:
Սամվել Մարտիրոսյան (մեդիափորձագետ) - Կրիպտոարժույթը մենակ բուն կրիպտոն չէ, այլև դրա տակ եղած տեխնոլոգիաներն են՝ օրինակ՝ բլոկչեյնի տարբեր տեխնոլոգիաներ, որոնք այսօր ավելի շատ են կիրառվում, շատ տարբեր, զանազան ոլորտներում և ձև անել, թե էդ ամեն ինչը լուրջ չէ, կարևոր չէ, կամ դրա տակ կարող է լինել քաղաքական պատվեր, որովհետև, իսկապես, ինչ-որ կառավարություններ մտահոգություններ ունեն կրիպտոյի հետ կապված:
Եվրոպական կենտրոնական բանկի մասնագետները կանխատեսումը արել էին՝ շեշտը դնելով տատանվող փոխարժեքի վրա: Օրինակ՝ մեկ տարի առաջ մեկ բիթքոինի արժեքը 69 հազար դոլար էր, կտրուկ անկումից հետո բիթքոին կարելի էր գնել արդեն 15 հազարով: Օրվա փոխարժեքով հիմա 1 բիթքոինը 17 հազար դոլարի սահմաններում է:
Էդուարդ Ավետիսյան - Բիթքոինի գինը իհարկե կախված է խոշոր իրադարձություններից, տնտեսական, քաղաքական իրավիճակից, վերջերս բավականին մեծ անկում է գրանցվում, հիմնական պատճառներից մեկը թվարկվում է այն, որ ԿԲ-ները տոկոսադրույքները բարձրացնում են, փողը թանկանում է, ու ռիսկային ակտիվների մեջ ավելի քիչ է փող հոսում:
Անկման վրա ազդեց նաև մոտ մեկ ամիս առաջ աշխարհի երկրորդ ամենախոշոր կրիպտոբորսայի սնանկացումը: Այս ոլորտում ոչինչ բացառել չի կարելի, բայց վստահություն է ներշնչում նաև այն հանգամանքը, որ խոշոր շատ ընկերություններ, ինչպիսին են օրինակ Microsoft-ը կամ Paypal-ը, ներդրումներ են կատարում կրիպտոաշխարհում:
Սամվել Մարտիրոսյան - Խոսել նրա մասին, որ կրիպտոարժույթը ամբողջությամբ կվերանա, չէ, որովհետև իրականում կրիպտոարժույթը բավակնին լուրջ խնդիրներ ա լուծում, եթե դա արվում է մտածված:
Քանի որ կրիպտոարժույթը վերահսկվող չէ, հնարավոր չէ նաև վիճակագրություն պահել, թե Հայաստանում քանի մարդ ունի կրիպտոգումար: Պետական դիրքորոշումն այս պահին չեզոք է, Հայաստանում վիրտուալ գումարը ոչ օրինականացված է, ոչ էլ արգելված: Ի տարբերություն միջազգային փորձագետների՝ մեր երկրի մասնագետները կարծում են, որ կրիպտոարժույթը, այդ թվում՝ առաջատար բիթքոինը, դեռ կշարունակեն տարածվել ամբողջ աշխարհում: