Մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտից շարժվել են դեպի Շուշի տանող ճանապարհը և ուզում են բարձրանալ դեպի Շուշի՝ հասկանալու համար, թե ինչ են ուզում ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները:
Ցույցին մասնակցողներից կազմված փոքր խումբը, ոստիկանների ուղեկցությամբ, հասել է մինչև ռուս խաղաղապահների առաջին անցակետը, ներկայացրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական կողմի ստանձնած պարտավորությունները, նաև փաստել, որ ադրբեջանական բնապահպանական պատճառաբանությունները կեղծ են:
Տիգրան Պետրոսյան (ակտիվիստ) - Մենք ռուսական ղեկավարությունից, Վոլկովից պահանջում ենք, խնդրում՝ ուժով թե ուրիշ կերպ՝ դուք պետք է ապահովեք ճանապարհի անվտանգությունը:
«Եթե բնապահպանական խնդիրներ կան Արցախում, թող տեղում ուսումնասիրություն կատարեն միջազգային անկախ փորձագետները»,- ասում է ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը:
Տիգրան Պետրոսյան - Անկախ փորձագիտական մի խումբ ձևավորեն միջազգային, թող գա, ստուգի, մեզ էլ է շատ հետաքրքիր, տեսնենք` մեր հանքը իրոք վնասակա՞ր է մեր առողջությանը: Եթե վնասակար լինի, մենք փակելու ենք այդ հանքը, բայց ի՞նչ գործ ունի ադրբեջանցին, գա, մեր հանքը ստուգի:
Ակտիվիստ Քրիստինե Բալայանը կարծում է, որ բավական է հանդուրժել արցախահայության իրավունքների ոտնահարումը, պետք է դուրս գալ և պայքարել իրավունքների պաշտպանության համար:
Քրիստինե Բալայան (ակտիվիստ) - Մենք պիտի մի բան անենք ու ցույց տանք աշխարհին, չէ՞ որ այս պահի դրությամբ պայքարում են մեր այս փակ ճանապարհի համար:
Անցակետի հրամանատարը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարը բանակցում է ադրբեջանցիների հետ, և որ արցախցիների այցն այնտեղ կարող է սրել իրավիճակը:
Արթուր Գրիգորյան (ակտիվիստ) - Ամեն օր սպասում էինք, որ ուր որ է` արդարությունը կհաստատվի, բայց արդեն տեսանք, որ դանակը ոսկորին է հասնում. մարդիկ ունեն տարրական խնդիրներ: 21-րդ դարում ինչ հակամարդկային արարքներ կատարվում են Ադրբեջանի կողմից, ուղղակի անհասկանալի և անընդունելի են:
Բանակցությունների ընթացքում արցախցիներն ապահովել են խաղաղապահների բեռնատարների երթևեկությունը: Որոշ ժամանակ անց խաղաղապահները տեղեկացրել են, որ իրենց ուղեկցությամբ ակտիվիստները կարող են շարունակել և անցնել ճանապարհի փակ հատվածը, սակայն ակտիվիստները պահանջել են ճանապարհի բացում ոչ թե ձևական՝ մի քանի հոգու համար, այլ ազատ երթևեկություն Հայաստանի ու Արցախի միջև:
Տիգրան Պետրոսյան - Մենք ուզում ենք, որ ճանապարհը բաց լինի, մեկ անգամ պետք չէ բացել ճանապարհը, դա մեզ համար ընդունելի չէ, դուք պետք է ձեր պարտավորությունը կատարեք:
Արցախցի ակտիվիստները ռուս խաղաղապահներին ասել են, որ եթե մինչև վաղը Ստեփանակերտ-Գորիս մայրուղին չբացվի, հանրահավաք կանեն ու կքայլեն դեպի ճանապարհի արգելափակված հատվածը: