Խարբերդի մասնագիտացված մանկատանն այսօր տոն է, հյուրեր են գալու: Մանկատան խնամքի տակ գտնվող երեխաները նման օրերը առանձնահատուկ են սիրում:
Կարճ պարային համարից հետո մանկատան սաները Աննա Հակոբյանին իրենց ձեռքով պատրաստած աշխատանքները ցուցադրեցին: Դրանք տարվա ընթացքում մի քանի անգամ հանվում են ցուցահանդես-վաճառքի:
Ծիրանի ծառի չորացած ճյուղերց պատրաստված արջուկների արձանիկը ընտանիքն է խորհրդանշում՝ պատմում է աշխատանքների հեղինակներից մեկը: Նվերներ ստացան նաև մյուս հյուրերը:
Առջևում միջոցառման երկրորդ հատվածն է, բեմում «Ճախրուկներն» են: Այսօր ներկայացնում են միայն աշուղական երգեր, որոնք «Ճախրուկների» կատարմամբ դեռ չէին լսվել:
«Ճախրուկների» խումբը ստեղծել են Մխիթարյան քույրերը, նվագել ու երգել սովորեցրել: 2 տարի անընդմեջ էլ միջազգային երգի փառատոն են կազմակերպում, որտեղ հանդես են գալիս միայն հատուկ կարիքներ ունեցող մարդիկ:
Երաժշտական համարից հետո վարչապետի տիկնոջը իրենց ձեռքի աշխատանքները ցուցադրեցին, ինչպես իրենք են անվանել՝ «աման-չամանը»: Կավից պատրաստված սպասքը մանկատան սաների ձեռքի աշխատանքն է, սա ևս ցուցադրություն-վաճառքի է հանվում, հասույթն էլ ուղղում են մանկատան երեխաների բուժմանը:
Պահում են նաև տոնական տրամադրությունը: «Աման-չամաններին» է միացել նաև տոնական «խաղալիք-մաղալիքների» շարքը: Սա ևս սաների աշխատանքն է, բայց վաճառքի համար չէ, նվիրում են հյուրերին:
Աշխատանքների ցուցադրությունից հետո մանկատան սաները թխվածքաբլիթ պատրաստեցին-նկարազարդեցին:
Ամանորի մթնոլորտը պահելով՝ Աննա Հակոբյանն էլ, իր հերթին, «Ճախրուկներին» հանձնեց Ձմեռ պապի ուղարկած նվիրները: Սա բոլոր մանկատների շահառուներին «Ձմեռ պապի» անունից բաժանվող նվերների մի մասն է միայն:
Շուրջօրյա և ցերեկային խնամքի հաստատություններում ապրող ավելի քան 940 երեխա Ձմեռ պապին նամակ է գրել:
Ձմեռ պապիկին օգնելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով, Ամանորին ընդառաջ, վարչապետի ֆոնդից նվերների գնման գումար է հատկացվել: Այս օրերին մի մասը անձամբ վարչապետի տիկինը, մյուս մասը՝ վարչապետի աշխատակազմը բաժանում են հանրապետության խնամքի կենտրոնների բոլոր երեխաներին: