Դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի արգելափակումն անթույլատրելի է և հղի է ծանր հումանիտար հետևանքներով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։ Այս մասին նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան երկրի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Պետելին ուղղված պատասխան նամակում:
«Ֆրանսիան կոչ է արել անհապաղ և անվերապահորեն վերացնել տեղաշարժի սահմանափակումները և Ադրբեջանին հիշեցրել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ մարդկանց, տրանսպորտային միջոցների երթևեկության և երկու ուղղություններով ապրանքների առաքման անվտանգությունն ապահովելու վերաբերյալ իր պարտավորությունների մասին։
Ինչպես հայտնի է, նույն եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։ Այնտեղ չկա ո՛չ Ֆրանսիա, ո՛չ Եվրամիություն, ո՛չ ՄԱԿ։ Հարկ է նշել, որ այսօր Ռուսաստանը նախկինի պես չի կարող կամ չի ցանկանում տրամադրել իր վրա դրված անվտանգության երաշխիքները։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ Ֆրանսիան հանդես է եկել Հայաստանի իշխանությունների խնդրանքով հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկելու նախաձեռնությամբ։
Կրկին Ֆրանսիայի նախաձեռնությամբ, այդ հանդիպմանը հաջորդել է Անվտանգության խորհրդի նոր արտահերթ նիստը բաց ձևաչափով, որը թույլ է տվել նրա բոլոր անդամներին հայտարարել միջանցքով շարժման շուտափույթ վերականգնման և մարդասիրական կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ հասանելիության մասին», - նշված է Կոլոննայի նամակում:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրել է նաև, որ Փարիզը մշտական կապի մեջ է իր եվրոպացի և ամերիկյան գործընկերների, ինչպես նաև կողմերի հետ՝ խնդրի շուտափույթ կարգավորման հասնելու համար:
Կոլոննան նշել է, որ Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը մշտական կարգավիճակ ստանա: Ֆրանսիայի ԱԳՆ տվյալներով՝ այդ առաքելությունը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել լարվածությունն Ադրբեջանի հետ սահմանին և դարձել է վստահության ամրապնդման կարևոր միջոց Երևանի և Բաքվի շարունակվող բանակցություններին աջակցելու համար:
«Այդ կապակցությամբ դեկտեմբերի 20-ից Հայաստան է պատվիրակվել գնահատման և պլանավորման ժամանակավոր առաքելություն։ Դա թույլ կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության արագ տեղակայմանը, որը կսկսվի, երբ ԵՄ 27 անդամ պետություններ հաստատեն դրա մանդատը: Հավատարիմ իր արժեքներին, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ Ֆրանսիան, ինչպես որ ավելի քան երեք տասնամյակ, շարունակում է անխոնջ աշխատել հանուն արդար և հարատև խաղաղության Կովկասում, որից առաջին հերթին կշահի հայ ժողովուրդը»,- եզրափակել է Կոլոննան։